ԱՐՑԱԽ

ԻՆՁ ՈՐ ԿՀԱՐՑՆԵՆ ԳՅՈՒՄՐԻԻՑ ԵՍ, ԿԱՍԵՄ` ՉԷ, ԵՍ ԻՄ ԳՅՈՒՂԻՑ ԵՄ, ԻՄ ՋՐԱՁՈՐԻՑ. Երվանդ Մկրտչյան

Երվանդ Մկրտչյանն է, Շիրակի մարզի  Ջրաձոր համայնքից, աթլետիկայի ՀՀ և Եվրոպայի առաջնության չեմպիոն, Բալկանյան երկրների ձմեռային առաջնության բրոնզե մեդալակիր, ՀՀ սպորտի վարպետ։

Իր փոքրիկ գյուղի պարծանքն ու հպարտությունն է: Ինչպես ինքն է ասում՝ իր գյուղն իր համար ամենալավ տեղն է աշխարհում. «Շատ երկրներում եմ եղել, բայց էնտեղ 1 շաբաթից ավել չեմ կարա մնամ, որովհետև  պահող բան չկա: Կգամ Հայաստան, կմտնեմ մեր Զվարթնոցը, էնտեղից արդեն, ոնց որ քոնն եղնի ամեն ինչ, ավելի ձիգ ես: Իսկ երբ կգամ գյուղս, արդեն ինձ համար ամեն ինչ շատ լավ է, ինձ ավելի լավ կզգամ, իմ ամեն ինչս կբացվի: Ճիշտ ա, էնտեղ լավ է ամեն ինչ, ապրելու համար էլ է հեշտ, էստեղ մի քիչ դժվար են պայմանները, բայց ես շատ շնորհակալ եմ իմ գյուղից»:

Արդեն 7 տարի աթլետիկայով զբաղվող երիտասարդը, սակայն, ցավով է բարձրաձայնում գյուղից հեռանալու մտադրության մասին։ Թեև  մարզիկն ինքը լռում է գյուղի ծանր պայմանների մասին, այնուամենայնիվ աթլետի հայրը՝ Գառնիկ Մկրտչյանը, խոսում է կեցության խնդիրներից․«Սպորտսմենի պայմաններն էս են, բաղնիք չունենք: Պահանջները սպրոտսմենի շատ մեծ են, պայման պիտի ունենաս, բայց մենք պայման չունենք»:

Մարզիկի հոր կարծիքով, եթե գյուղին հարակից Կապսի ջրամբարը կառուցվի, և գյուղը տեղափոխվի, խնդիրներն ավելի քիչ կլինեն. «Գյուղին շատ օգուտ կտա, առաջին հերթին կգնանք տուն կունենանք: Էսքան ժամանակ համբերել ենք, հիմիկ էլ կհամբերենք: Ծրագիրը 60 թվից կա, գյուղ են սարքել, որ տեղափոխվենք, բայց էդպես էլ չտարան գյուղը: Տարան էն մյուս գյուղի կողքը 10 հատ պանելային տուն սարքեցին, էդ էլ երկրաշարժ եղավ կիսատ մնաց: Էդպես մենք մնացինք դոմիկների մեջ: Որ ջրամբարը սարքեն, կթողնենք կգնանք: 88 թվից հնարավո՞ր է էսպես դոմիկի մեջ, փայտի մեջ` ճիճուն, մժեղը, սաղ մեջն են: Մի քիչ կարգի ենք բերել տունը` երեխա մեծացնենք էստեղ»:

Ըստ ծրագրի՝ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը վերաբնակեցվելու է մի քանի կիլոմետր հեռու՝ Կապսի ջրամբարի կառուցման համար։ Համայնքի ղեկավար Գևորիկ Հովակյանի խոսքով՝ գյուղի բնակչության 90 տոկոսից ավելին համաձայն է, որ գյուղը տեղափոխեն: Ըստ այդմ էլ` 2020 թվականին կսկսեն աշխատանքները։

 «Տատս, որ ողջ էր, էդ ժամանակվանից ասում էր` «Ինձի հարս բերեցին, սեցին, որ ջրամբար պիտի սարքեն, թազա տուն կունենանք, բայց դե էդպես էլ մնաց»: Բայց լավ կլինի, ոչ թե մենակ ինձ համար, այլ ամբողջ գյուղի համար»:

Մարզիկի առջև ծառացած բազմաթիվ խոչընդոտներց մեկը գյուղից քաղաք տանող ճանապարհն է, որը հաճախ անանցանելի է լինում, և անհնար դարձնում քաղաք գնալն ու մարզումներին մասնակցելը։ Մարզիկը կատակում է. «Էնպես չի, որ նստած կերթանք, կանգնած էլ կերթանք, բայց ամեն ինչ կանենք, որ երթանք մարզումներին»:

Ինչպես մեզ հետ հարցազրույցի ժամանակ  Երվանդը նշեց՝ հաջողության հասնելու համար միայն ցանկություն է պետք, ապա ժպտաց ու հավատով լի աչքերով շարունակեց պատմել ապագա ծրագրերի մասին. «Նպատակս 2020 թվի Օլիմպիադան է, մեդալով վերադառնալն էնտեղից: Նորմատիվներ են դրած, շատ բարձր են, բայց ամեն ինչ պիտի անեմ, որ լավ լինի: Հետոն արդեն ինձնից է կախված: Պիտի ավելի լավ պարապեմ ու... Էստեղ մնալու ցանկություն չունեմ, հենց զգացի, որ լավ մարզիկ եմ, կգնամ էստեղից: Հայաստանում 2 հատ ռեկորդ ունեմ սահմանած` 3000 մետր ու 1500 մետր, բայց էդ ինձ համար հեչ բան է, ես ավելիին եմ ուզում հասնեմ…»:

Սերինե Սերոբյան

Image alt Image alt Image alt Image alt Image alt Image alt
Ջրաձոր

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *