ԱՐՑԱԽ

ՀՀ վարչապետի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են արցախահայերի կենսական իրավունքների համար

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու ՀՀ ՄԻՊ  Արման Թաթոյանը Ֆեյսբուքում հայտարարություն են տարածել, որում ասվում է.

Հայաստանի վարչապետի 2021թ. դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները հիմնովին հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու և մյուս կենսական, մարդկային գոյության համար անհրաժեշտ բնական իրավունքներին ու պարարտ հող են ստեղծում ադրբեջանական խախտումների համար: Այդ մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին:

ՀՀ վարչապետի հրապարակային խոսքերում ամբողջությամբ անտեսված է, որ  ադրբեջանական իշխանությունները շարունակում են պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, որքան ադրբեջանական իրականությունում տարիներով հետևողականորեն կենսագործվող թշնամանքի քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Այն հատկապես ագրեսիվ է Արցախի ժողովրդի նկատմամբ: 

ՀՀ վարչապետի խոսքում անտեսված է, որ դեռ 1923 թվականին 95% հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափմանն ուղղված է եղել ադրբեջանական հետևողական խտրական քաղաքականությունը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագություններով և այլ անօրինական միջոցներով:

Հայատյացության ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաղաքականությունն է, որ 2020թ. պատերազմի ընթացքում հանգեցրեց Արցախում զանգվածային էթնիկ զտումների՝ թիրախային ավերելով քաղաքներն ու գյուղերը (Ստեփանակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ և այլն), մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, խոշտանգումներով ու դաժանություններով, սպանություններով, եկեղեցիներ պղծելով ու ոչնչացնելով:

Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական իշխանությունների հովանահավորչությամբ, ամեն օր շարունակում են Արցախի ժողովրդի կենսական իրավունքների խախտումները՝ խաղաղ բնակիչների սպանությունների, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների, գողությունների, հեռախոսային կենսական կապի խափանումների և ահաբեկչական բնույթի այլ հանցավոր արարքներով: Ամեն օր ոտնահարված է Արցախում ապրող մարդկանց արժանապատվությունը: 

Բնույթով նույն խախտումները, նույն հանցավոր արարքները ամեն օր շարունակվում են նաև Հայաստանի բնակչության նկատմամբ:

Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պարագայում ադրբեջանական զինված ծառայողները գործում են հանցավոր անպատժելիության պայմաններում: Չկան մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ:

ՀՀ վարչապետի գնահատականները համարում ենք խիստ վտանգավոր. դրանք հիմնավորում են քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը և ավելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանությունները: 

Այս քաղաքականությամբ է, որ ադրբեջանական իշխանությունները անընդհատ խոչընդոտել են, ամեն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու, արցախահայությանն իրենց իրավունքների պաշտպանությունից զրկելու համար՝ վարելով միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային քաղաքականություն:

Ազգային ինքնորոշման, մարդու կենսական իրավունքներն ու այդ իրավունքների երաշխիքներն անտեսելու, դրանց պաշտպանությունն ամեն գնով խոչընդոտելու քաղաքականությունն է պարարտ հող ստեղծել այն դաժանությունների ու վայրագությունների, էթնիկ զտումների համար, որ տեղի ունեցան 44-օրյա պատերազմի ընթացքում:

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց ադրբեջանական իշխանությունների հայտարարած խաղաղասիրությունը կեղծ է, այն միայն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դեմքը կեղծիքներով քողարկված պահելու նպատակ:  

Ուստի, բոլորին խստիվ հորդորում ենք դադարեցնել մարդու իրավունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թեզերի համար, բացառել մարդու իրավունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպես նաև զերծ մնալ հատկապես միջազգային ատյաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *