Մարզ

Հարուցվել է քրեական գործ՝ Մանկավարժական համալսարանում չարաշահումների փաստով

ՀՀ գլխավոր դատախազությունում պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (Հիմնադրամ) իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ ՊԵԿ-ից: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել են մի շարք խախտումներ ապրանքների և ծառայությունների գնման, հարկային պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման գործընթացում:

Մասնավորապես, պարզվել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը երկու տարբեր ընկերությունների հետ 2016թ. և 2019թ. կնքել է  մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրեր: Ընկերությունը, որի հետ 2016թ. է նման պայմանագիր կնքվել, գնման ընթացակարգին մասնակցելիս որպես «մասնագիտական փորձառություն և աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի բավարարման հավաստում, ներկայացրել է 2014-2016թթ. այլ ընկերությունների պատշաճ մաքրման ծառայություններ մատուցած լինելու մասին վերջիններիս կողմից տրված փաստաթղթեր, հավաստագրեր:

Մինչդեռ, պարզվել է, որ այդ ՍՊԸ-ում որպես աշխատակից հավաքարարներ են գրանցվել՝ սկսած 2016թ. հոկտեմբերից: Բացի այդ, որպես «աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի հիմնավորում, վերջինս ներկայացրել է 50 հավաքարարի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր, սակայն պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում գրանցված է եղել ընդամենը 26 հավաքարար:

Այսինքն ՍՊԸ-ն Հիմնադրամի կարիքների համար մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգին մասնակցելիս ներկայացրել է 2014-2016թ. ընթացքում իր կողմից մաքրման ծառայություններ մատուցելու փորձառության, իր աշխատակիցների քանակների վերաբերյալ կեղծ տվյալներ: 

Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի բոլոր հավաքարարները 29.03.2019թ.-ից ազատվել են աշխատանքից, սակայն ՍՊԸ-ն ապրիլ-մայիս ամիսներին Հիմնադրամին մատուցել է 9մլն դրամի մաքրման ծառայություն: Ընդ որում, ուսհաստատությունը դժգոհություններ չի ունեցել մատուցված ծառայությունների որակի, մաքրման ծառայությունների մատուցման վերաբերյալ, այսինքն ծառայությունները փաստացի մատուցվել են: Նման պայմաններում ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների հաշվարկի վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված ՍՊԸ-ի կողմից 2017թ. միջին ամսական կտրվածքով թերհայտարարագրվել է առնվազն 20 աշխատակցի հարկման օբյեկտը, իսկ 2018-2019թթ.՝ 17 աշխատակցի հարկման բազան: Արդյունքում ՍՊԸ-ի կողմից պակաս հարկ է հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել առնվազն 10 մլն դրամ:

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *