Մարզ

ՀԱՄ ԳՅՈՒՂԱՊԵՏ ԵՆՔ, ՀԱՄ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԵՆՔ, ՀԱՄ ՄԱՐԶՊԵՏ ԵՆՔ, ԱՄԵՆ ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ

Առջևում Բարձրաշենն է, իսկ մենք դեռ բարձրանում ենք այս անշեն ճանապարհներով: 

Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղում ընդամենը 6-7 ընտանիք է բնակվում: Շատերի կողմից այն ստացել է «Անմարդաբնակ» անունը: Գյուղում ոչ խանութ կա, ոչ դպրոց, ոչ էլ համայնքապետարան:

Գյուղացի տիկին Ամալյայի խոսքով` ընտանիքները, որտեղ դպրոցական երեխաներ կան, տեղափոխվում են այլ համայնքներ` երեխաների կրթությունն ապահովելու: Իր որդին ևս ընտանիքի հետ այլ համայքում է բնակվում. «Թոռնիկս հիմա մոտս է մնում, եկել է տատիկին օգնի ու գնա: Դպրոց ստեղ չկա, եղել է, բայց, որ գյուղը քանդել են,  դպրոցն էլ հետն է քանդվել: Հետո կիսուրս էն ժամանակ` 89-90-թվականներին ուզում էր, որ մնա ստեղ: Ցույցի գնացին, Գյումրի, ստեղ-ընդեղ, հեչ մի բան չեղավ: Բերին էն դոմիկները դրեցին, երեխեքին իբր դաս տվեցին, բայց երեխեքը ինչ ուսում պիտի ստանային, եթե ուսուցիչները բարձրագույնավարտ չէին: Ստեղ հիմա 2 երեխա կա, որ դպրոց պիտի երթան, ընտանիքով երթում են Մարալիկ իրանք»: 

Տիկին Ամալյան նշում է, որ պատկան մարմիններն իրենց չեն էլ հիշում. «Համ գյուղապետ ենք, համ քաղաքապետ ենք, համ մարզպետ ենք, համ ամեն ինչ ենք մենք: Ծիծաղով ասում ենք անկախություն է նոր եղել, բայց մեր անկախությունը վաղուց է: Ո՞վ է մեզ հիշում, ձմեռն էլ ճամփեքը փակվում են, մնում ենք լրիվ փակված»:

Գյուղ տանող ճանապարհների խնդրին արդեն բախվել էինք. ամռանն այն քարուքանդ է. իսկ ձմռանը` ընդհանրապես անանցանելի: 

Գյուղը ժամանակին հայտնի է եղել իր ջրհորներով, այսօր արդեն գրեթե 16 մետր բարձրություն ունեցող մի քանի ջրհորները գյուղացիների խմելու ջրի հարցն են լուծում, իսկ ջրհորներն անհատնում են:

Ջրհորներից քիչ հեռու շատ հին գերեզմանատունն է:  Ըստ գյուղացիների` դեռ հեթանոսական ժամանակների գերեզմաններ կան այստեղ, որոնք հայտնի պատմություններ ունեն:  Տիկին Ամալյան ասում է, որ ամենահայտնի պատմություն ունեցող գերեզմանը հարսի ու փեսայի գերեզմանն է. «Դեռ էն ժամանակներից պատմում են, որ հարսանիքի ժամանակ կայծակը հարվածել ա, ու հարս ու փեսեն իրար հետ մահացել են, գյուղացիքն էլ գերեզման են սարքել, ու պատմությունը մինչև հիմա պատմում են»:   

Չնայած գյուղը փոքր է, բնակչությունն էլ սակավաթիվ, գյուղում պահպանվել են 5-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին ու 10-13-րդ դարերում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիները: Այստեղ հաճախ են զբոսաշրջիկներ այցելում: Տիկին Ամալյան էլ թեև շատ հաճախ չի հասկանում նրանց, բայց սիրով է ընդունում ու ճանապարհում «Չեմ հասկանում ինչ են ասում, գալիս են իրանց լեզվով «բոնժուխ», «հելոու» են ասում: Ի՞նչ անեմ, որ չեմ հասկանում: Մի քանի բան արդեն սովորել եմ, մի ձև փորձում եմ հասկանամ իրանց, ընդունեմ ու ճանապարհեմ»:

Սերինե Սերոբյան

 

 

Image alt Image alt Image alt Image alt Image alt
1

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *