ԱՐՑԱԽ

Եվրախորհրդարանի անդամները պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքներն ու պատասխանատվության կանչել մեղավորներին: Անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային վերաբերմունքը:

Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին: Եւս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր մնացած հայ կալանավորվածներին՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի դրույթների համաձայն», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *