ԱՐՑԱԽ

Դավիթ Բաբայանը նամակներ է հղել Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին

Մայիսի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ:

 Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի կողմից Շուշիում իրականացված բռնի վտարումներն ուղղակի և անուղղակի կերպով խախտում են միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ամրագրված հայ բնակչության քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքների ողջ սպեկտորը:

 Ընդգծվում է, որ Արցախի օկուպացված տարածքներում պատմական, մշակութային և ճարտարապետական լանդշաֆտի բռնի վերափոխման քաղաքականությունը խտրականության և այլատյացության բացահայտ դրսևուրում է:

 Նամակներում շեշտվում է, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, որոնց թիրախն Արցախի ժողովուրդն է: Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի ցանկացած գործունեություն, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպատակ ունի ամրագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի ապօրինի կիրառման հետևանքները, չպետք է հանդուրժվի և պետք է ուղղակիորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչ է անում համապատասխան միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի միջազգային-իրավական գործիքակազմն ակտիվացնելու ուղղությամբ՝ ապահովելու միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքն Արցախ` այդ կործանարար և շարունակական խախտումները վերացնելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *