ԱՐՑԱԽ

ԱՐՑՈՒՆՔԻ ԵՎ ԲԵՐԿՐԱՆՔԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՄԲ (Մակիչի հիշատակին)

            2020-ի սարքովի պարտությունից և Արցախի վերջին գազանություններից ու համակ հայաթափումից հետո ասես անզգայացած լինենք: Թվում էր` այդ ամենին հաջորդող «մասնավոր» մահերը առաջվա «բնականոնությամբ» չեն կարող մեզ վշտացնել: Բայցևայնպես պատահում են մահեր, որոնք բացում-թարմացնում են մեր վերքերը, որովհետև դրանք մեր դժնի օրերի խտացումներն են դառնում, քանի որ ապրածի ու ապրվածի արժեքայնության յուրօրինակ հավաքականության արտահայտություն են: Այդ կարգի արտահայտություն եղավ մեզ համար Մակիչի վախճանը:

            Շատ են գրում հիմա նրա մասին, շատերն են գրում, ճիշտ են անում և լավ են անում, թեև դժվար է լինում քողարկել զայրույթը, երբ փորձում են նրան «սեփականաշնորհել» ներխմբային նեղմտությամբ...

Ազգային արժեքը պիտի տարփողվի, ինչքան էլ օտարի հարճերը բթացնել փորձեն հանրային գիտակցությունը: Նաև՛ Մակիչով պիտի վերարժևորվեն այն գանձերը, որոնց քնարական հերոսներին մեղեդու ելևէջումներով ազգին էր հասցնում երգիչն ու ռազմիկը: Շատ պիտի ուզենայի, որ նրա բնատուր շնորհները աշխարհովի՛ գնահատվեին, աշխարհի արվեստակիր դահլիճները գլխահակ փառավորեին նրան: Սակայն հայոց պատմության մերամանակյա թոհուբոհը նրան իտալիաներում ձայնի մշակման ու ձայնով աշխարհը նվաճելու հնարավորություն չտվեց, և Մակիչն իր բնութենական շնորհը ծառայեցրեց գերազանցապես ռազմերթին` իր վտանգավորությամբ թշնամուն  իր համար գլխագին մտմտալու մղելով...  

Դեռ չգիտեմ` ինչպես եմ արտարկելու ներսումս կուտակվածը, բայց գիտեմ, որ իմ բաժին Մակիչի մասին ասելիքս ժամանակագրական խստություն չի ունենալու: Հիշողության ժապավենի տարբեր դրվագներով այստեղ կներկայացնեմ տեսածս, իր պատմածներից, և կփորձեմ տալ նրա ուրվանկարը մեր ժամանակի կերպաձևերում:

            ***

            Համալսարանն 86 թվականին ավարտելուց դեռ մի քանի տարի հետո էլ, երբ առիթ էր լինում Երևան մեկնելու, միշտ այցելում էի Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական հանրակացարան, այնտեղ էլ գիշերում էի այս կամ այն ընկերոջ սենյակում: 88-ի մի օր էլ ահա այնտեղ եմ: Մանրամասներ չեմ հիշում, թե ում սենյակում էինք, ովքեր էին հավաքված: Հիշում եմ միայն, որ համակուրսեցիս` Աշոտ Հայրունին, ինձ ծանոթացրեց մի վտիտ ու աստղով երիտասարդի հետ: Մորուսավոր էր, առաջին տպավորությունս այն էր, որ հոգևորական է, բայց տեղեկացրին, որ կոնսերվատորիայում է սովորում: Կրկնում եմ, մանրամասներ չեմ հիշում այդ պահի հանդիպումից: Հիշողությանս մեջ այդ երիտասարդի անսպառ կատակների տպավորությունն է միայն դրոշմված:  

Եվ այսպես` 1988 թվականն է` Մոսկվայի հրահանգով Երևանում առաջին պարետային ժամ հայտարարված օրը, որին իրազեկ եղանք «կարմիր անկյուն» կոչված տիրույթում դրված հեռուստացույցից, պաշտոնական լրատվությամբ իրազեկողն էլ Աիդա Ներսիսյանն էր (քաղաքը ողողված էր ռուսաստանների եսիմ ո՛ր ջհանդամներից հավաքած խայտաբղետ զորքերով): Տեքստը կարդալու ողջ ընթացքում Աիդայի ձայնի մեջ ողբերգության, զայրույթի և հեգնանքի խառը երանգավորում կար: Իսկ տեքստն ընթերցելուց հետո թուղթը նկատելի արհամարհանքով մի կողմ նետեց և պաշտոնական բարի գիշերի փոխարեն համբերություն և խաղաղ գիշեր մաղթեց հայրենակիցներին...

Ահա էկրանից մեզ փոխանցված խառը զգացողությամբ էլ Աշոտի և իմ նորածանոթ երիտասարդ Մակիչի հետ գնացի կողքի մասնաշենք` գիշերելու նրանց մի ծանոթի սնեյակում, որն այդ օրերին գյուղ էր գնացել: Տարօրինակ սենյակ էր նրանով, որ մահճակալների փոխարեն այնտեղ երեք խոտկուռ  էր («մատրաց»): Պառկեցինք: Մակիչի գլուխը դեպի դուռն էր, իմն ու Աշոտինը` դեպի պատուհանը: Մութ գիշերվա խորհրդավոր լռություն էր: Մեկ էլ մթության մեջ նկատեցի Մակիչի ուրվագիծը` տեղում նստած, ձեռքերն իրար հպած, որ ասես աղոթքի էր պատրաստվում: Ի՜նչ պատրաստվել: Անլուր աղոթք սկսեց` կոհակելով «Տե՛ր, ողորմեա՛»-ն... Տե՜ր աստված, այդ ի՜նչ ղողանջ էր գիշերային լռության մեջ` մեղմից դեպի զգույշ ու տևական ուժգնացում, ապա ալիք-ալիք տարածման կախարդանք, որ շատ էր ներդաշնակ այդ տարվա և մասնավորապես այդ օրվա` Մոսկվայից մեզ համար նյութված հակահայ դավերի դեմ ծառացած մեր համազգային ոգուն: Երբ ավարտեց աղոթերգը, ասես հրաշք տեսնելուց քարացած ու վերակենդանացած` ասացի. «Մակիչ, դու մեր տղամարդ Լուսինեն ես դառնալու»: Առավոտյան, երբ արթնացանք, հիմա էլ ինքն արձագանքեց. «Գիտե՞ս` ինչքան ուրախացա, որ Լուսինեի անունը տվեցիր: Շա՜տ եմ սիրում նրան»:

Տարիներ հետո Մակիչն ինքը պատմեց ի՛ր հոգու հաղորդակից Լուսինեից:

Մակիչ և Լուսինե

            – Գերմանիայում ենք` Քյոլնի տաճարում: Հսկա տաճար է, ամենաթույլ ձայնն էլ ահարկու արձագանք է առաջացնում: Եվ քանի որ հիմնականում բազմամարդ է լինում տաճարը, քաոսային աղմուկ է: Բարձր արձագանքում է հատկապես կանանց բարձրակրունկների թեթև հպումն անգամ: Տարբեր երգիչներ և երգեցողական խմբեր են հայտնվում, ինքնավստահ ձայնարկել են ուզում այս կամ այն երգը, բայց հնար չկա, լողում են ձայները խժալուր արձագանքով: Նպատակասլաց առաջ է գնում Լուսինեն` վերև նայելով: Կանգնում է ճիշտ գմբեթի տակ, մեզ հրահանգում` կիսաշրջան կազմել, և հրա՛շք: Մեզ համար էլ անսպասելի` հնչում է «Տե՛ր, ողորմեա՛»-ն, ու տիրում է քար լռություն: Նույնիսկ մի ոտքի կրունկի արձագանքը, որին պիտի հաջորդեր մյուսը, չի իջնում հատակին, թվում է` կանայք իրենց ոտքերից մեկն այդպես էլ օդում են պահում: Բազմությունը սահելով է ներս խուժում, Լուսինեն գլխի թեթև շարժումով նշան է անում, որ միանանք իրեն, մեղմ միանում և իր ուժգնացման հետ մե՛ր ձայնն ենք ուժգնացնում: Աննկարագրելի ներդաշնակություն է տիրում տաճարում: Ավարտում ենք, դեռ տևական ժամանակ լռություն է. աստվածային ձայնին աստվածային լռություն է հաջորդում: Ասես սթափվելով` խուռներամ մեզ են մոտենում, հարցուփորձ անում, արագ տեղեկացնում ենք, որ Հայաստանից ենք, ապա հետևում ենք դեպի ելք շարժվող Լուսինեին, բազմությունն էլ մեր ետևից: Բարձրադիր աստիճաններ են, որոնցով մարդիկ հասնում են տաճարի բացօթյա վերնամաս: Փորձում ենք համոզել Լուսինեին, որ չբարձրանա, որովհետև հիվանդ է և հևում է: Կտրուկ մերժում է ոչ միայն չբարձրանալու, այլև բարձրանալիս իրեն օգնելու իմ առաջարկը: Դժվարությամբ, հևալով հաղթահարում է բարձունքը, և... հաջորդ հրաշքը: Այդքան հևալուց հետո գոնե մի 10 րոպե պիտի շունչ քաշեր, այնինչ բառացիորեն ընդամենը երկու քայլ է անում և սկսում երկարաշունչ «Սուրբ-սուրբ»-ը: Դարձյալ քարանում է վերևում հավաքված բազմությունը` մի կողմից, աստիճաններին հավաքվածները` մյուս կողմից...

            Շատ էինք զրուցում իրար հետ: Մի անգամ ասացի.

            – Լուսինե՛, երգելիս կարծես բոլոր կանոնները պահպանում եմ, բայց ինչ-որ բան ինձ չի բավարարում, ինչպե՞ս հաղթահարեմ  այս վիճակը:

            Ասաց.

            – Այդ վիճակը քո առավելությունն է: Եթե նման հարց առաջացել է քո մեջ, ուրեմն կամ շուտով կհաղթահարես, կամ արդեն հաղթահարել ես...

            Ի դեպ, նա հրաշալի արիաներ էր կատարում արևմտաեվրոպական հայտնի գլուխգործոցներից, ամեն մի կատարման մեջ էլ ինքնատիպություն ուներ: Ճշտորեն պահպանելով տվյալ մեղեդուն հատուկ օրինաչափությունները` միևնույնն է, բոլորից տարբեր կատարումներ էր մատուցում մեզ:

– Իսկական սուրբ էր Լուսինեն: Տասը դարը մեկ կարող է այդպիսի երգիչ ծնվել,– եզրափակում է Մակիչը:

Ի դեպ, Մակիչն ինքն էլ, ռազմի երգերից բացի, հայ և եվրոպական հոգևոր երգերից զատ, հրաշալի էր կատարում արիաներ տարբեր օպերաներից:

Մակիչ և Թաթուլ

 Թաթուլին, որ հետագայում իր սխրանքով դարձավ ազգային հերոս Թաթուլ Կրպեյան, ավելի շուտ գիտեի` ուսանողական վաղ տարիներից: Իմ ասպիրանտական տարիներին ես էլ, նա էլ, Մարաթուկի Տիկոն էլ ընտանիքներով, ինչպես նաև դեռ չամուսնացած Աշոտը 89-ից նույն շենքում էինք բնավորվել` ասպիրանտների շենքում: Հաճախադեպ էր մեր ընկերական միջավայրի մերանի` Միրոյի, իրինդցի Մկրտիչի, Մակիչի այցելությունը: Մեկնումեկիս տանը հավաքվում ու խենթությունների չսպառվող տակառն էինք բացում: Եթե մի հակասություն կար մեջներս, ապա դա նարդու մրցամարտի առաջնությամբ պայմանավորված, ղազագրերով ուղեկցվող փոխծանակումն էր` զուգորդված հատկապես սասունցիների` Սասնո բարբառով իրար դեմ հնչող ամոթանքներով:

Այդտեղ երգում էինք գրեթե բոլորս, հիմնականում հայրենասիրական երգեր էին հնչում, միայն Մակիչն էր, որ դեռ դասականի և հոգևորի տիրույթներից դուրս չէր գալիս, և ձայնն էլ զուլա՜լ-զուլալ տենոր էր` դեռևս ծխախոտի ու վառոդի ծխի համ չտեսած... 

Պատահեց անխուսափելի պատահելիքը: Թաթուլը մեկնեց Գետաշեն: Քիչ անց նրա հետքով այնտեղ հայտնվեց Մակիչը: Գորովալից սիրով էր սիրում Մակիչին Թաթուլը, ինչպես կսիրեր իր միսուարյուն հարազատին: Գետաշենի վերջնամասում զգալով մոտալուտ արհավիրքը` կարողանում է խաբեությամբ Մակիչին Երևան ճանապարհել իբր կարևոր հանձնարարությամբ և հրահանգում է այստեղի պատասխանատուներին, որ նրան ետ չուղարկեն: Իսկ երբ արդեն չկար Թաթուլը, վիշտը սրտո՛ւմ իսկ պատմում էր իր և նրա արկածներից: Մակիչի պատմելով` այնքան հմուտ էր, խիստ ու կարգ պահպանող, որ ասես մի 20 տարվա հրամանատար լիներ Թաթուլը: Մակիչի կարծիքով Թաթուլի խոստությունն անբեկանելի էր, չափն անցած, և յուրաքանչյուր թեթև իսկ կարգազանց պիտի խստագույն պատժի ենթարկվեր: Օգտվելով Թաթուլից իր վրա շողացող անսպառ սիրո արտոնությունից` Մակիչը սկսում է միջամտել` Թաթուլի պատիժներից իր պաշտպանության տակ առնելով այս կամ այն ընկերոջը: Հաճախ Թաթուլի հետ առանձին զրույցների ժամանակ մեկը մյուսին փորձում է բացատրել իր ճշմարտացիությունը, Թաթուլը` հրամանատարի դիրքերից, Մակիչը` քաղաքացիական ու զուտ մարդկային: Պատահում է այնպես, որ մի օր Թաթուլը բացակայում է զորանոց-տնից, և տղերքն ինչ-որ անթույլատրելի բան են արած լինում: Շուտով իմանում են, որ Թաթուլը տեղյակ է և զայրացած վերդառնում է զորանոց: Մակիչին տեղյակ են պահում հնարավոր արհավիրքի մասին, Մակիչս էլ թե` էդ որ աստված էլ իջնի, ձեզ չի փրկի, ի՞նչ պիտի անեմ ես: Տղերքը թե` մեր աստված դու ես, Մակիչ, մի ճար արա: Տուն-զորանոց է ներխուժում Թաթուլը գիշերվա կեսին ու կարգադրում` հագնվել ու շարվել: Մակիչը գոռում է վրան.

– Ինչի՞ էիր մի ամբողջ օր անտեր թողել տղերքին ու գնացել, որ հիմի էլ հոխորտում ես:

Թաթուլը կատաղած ընկնում է Մակիչի ետևից: Ասում է.

– Տեսա, որ բանս բուրդ է, ժամանակավոր փրկությունս էն էր, որ չէր հասնի իմ ճարպկությանը: Բայց պատահեց էնպես, որ ուր որ է բռնելու էր ինձ, հանկարծ աչքովս ընկավ երեք լիտրանոց պանրի բանկան (Թաթուլը խորշում էր պանրի հոտից – Դ. Գ.): Մահճակալի վրայով թռա, կափարիչը հանեցի-շպրտեցի ու բանկեն դեմ տվի: Թաթուլը տեղում մեխվեց.

– Մակի՛չ, չանե՛ս,– ու փախավ:

– Ո՞նց թե,– ասում է Մակիչն ու բանկան ձեռքին վազում Թաթուլի ետևից,– էսքան հալածեցիր ինձ, բա մի հատ չպարգևատրե՞մ քեզ անուշահամ պանրի բուրմունքով...

Հետո շաունակում է պատմությունը ծիծաղելով.

– Վերջը մեղքս եկավ, գիտեի, որ, իրոք, վատանում է էդ հոտից: Բայց պարտավորեցրի, որ տղերքին չնեղացնի, համաձայնեց, հանդարտելուց հետո ասավ.

– Չգիտեի, որ էդքան դաժան ես...

Պատմում էր բարձր տենորով, գրավիչ խոսքով ու ծիծաղում տենորաձայն: Ախր Մակիչի միայն ձայնն էլ շատ անուշ էր, որևէ մեկին դիմելիս, երբ  ասում էր` Այսինչ ջան, այնքա՜ն ջերմություն կար այդ տենորահունչ կոչականի մեջ...

***

Երկու կին ընկեր ունեմ: Նրանց հետ ընկերությունս մի անօրինակ ինքնատիպություն ունի: Այնքան անկեղծ են ու բարի, որ կյանքումս պատահած որոշ գաղտնիքներ նույնիսկ տղամարդ ընկերներիս չեմ պատմում, բայց նրանց եմ վստահում հաճախ: Ահա այդ անօրինակ ընկերներիս հետ մեր մի ընկերոջ` Գևորգ Գիլանցի, գրական մրցանակի արժանանալու առթիվ մեկնեցինք Արմավիր, որտեղից էլ Մակիչին զանգահարելով` պիտի հանդիպեինք իրեն: Իմ աներկբա համոզմամբ Մակիչը պիտի Սասունիկում լիներ: Մտանք Վաղարշապատ, մի քանի անգամ տարբեր մարդկանց հարցնելով` մի կերպ ելանք քաղաքից ու շարժվեցինք, ո՜ւր ես, Սասունիկ, դեպի քեզ: Հասանք գյուղ, մի փոքր առաջացանք ու կանգ առանք: Զանգում եմ Մակիչին: Մենք այսինչ տեղում ենք, ո՞վ պիտի դիմավորի: Մակիչս էլ հասցեն է թելադրում, զարմանում եմ` ասելով, թե այս փոքրիկ գյուղում այդ ի՞նչ հասցե ես թելադրում, բարձրահարկ շե՞նք էլ ունեք այստեղ: Ծիծաղում է.

– Ա՛յ իմ միամիտ լոռեցի ախպե՜ր, ես Երևանում եմ...

Ժամը բավական առաջացած էր, դեռ Վանաձոր էլ էինք վերադառնալու, բայց որոշել էինք, նահանջ չէր լինելու: Հասանք Երևան: Հասցեն ասում է, մեքենայի տեղորոշիչը համառորեն «ի շրջանս իւր» վիճակում է պահում մեզ: Նույն ճանապարհը մի քանի անգամ վերուվարելուց հետո Մակիչին խնդրում եմ անհասցե բացատրել: Շատ հեշտ գտնում ենք տունը: Արուսիկը` մեր խիզախ հարսիկը, ճոխ պատրաստություն է տեսել, և այլ հյուրերի հետ մեզ էին սպասում: Հյուրերը Մակիչի գեղանկարիչ կապուտաչյա ընկերը`  Մուկուչը, և կինն էին` բարի հոգու տեր ազնիվ անձինք: Հրաշալի մթնոլորտում հրաշալի զրույց է ծավալվում, Մակիչի տրամադրությունը տեղն է: Թեև տեղեկացնում է, որ երգելիս կոկորդն ու գլուխը ցավում են, բայց երկու երգ է կատարում (տեսանյութը` ստորև): Էլի անդրադառնում է լոռեցիությանս, հոգուս հետ խաղում են խմբովին, գնահատանքի իրենց անկեղծ խոսքն են ասում ընկերուհիներս, այդ ողջ ընթացքում Մակիչի դուստրերն են ճռվողում: Արուսիկը, գնահատելով իսկ դուստրերի ձիրքերը, նաև դժգոհում էր նրանց անկառավարելիությունից, թեև խոստովանում էր, որ Մակիչին լսում են առանց հրահանգավորման: Պատմում է Արուսիկը, որ մի անգամ իրեն ափերից հանել են աղջիկները, ձայնը բարձրացրել է, ներս է մտել Մակիչը, խաղաղվել են աղջիկները, իսկ ինքը` Արուսիկը,  նախատել է ամուսնուն, որ չի պաշտպանում իրեն: Մակիչը զարմացած հարցրել է.

– Ումի՞ց պաշտպանեմ: Թուրքե՞րն են հարձակվել...

Հրաժեշտից հետո ողջ ճանապարհին Մակիչ երևույթն էինք վերլուծում, ապա նորից համադրում...

Գարնանն իմ տանն էր ընկերափունջս` Միհրանը կնոջ` բանասեր և ուսուցչուհի Աշխենի հետ, Մկրտիչը՝ բանասեր և Իրինդ գյուղի դրոցի տնօրեն Վիկտորյայի հետ, Կարոն` բանասեր և դասախոս Ժաննայի հետ, Մակիչը` Արուսիկի հետ, և անպայման իմ «մարտական» ընկերուհիները: Տեսնել էր պետք, թե մինչև սեղան նստելը երկու ծուռ` երկու Մկոն` Մակիչն ու իրինդցի Մկրտիչը, ինչպես էին բղավում իրար վրա ու ձեռ առնում իրար նարդի խաղալիս: Լավ չէր զգում Մակիչը, Արուսիկի հետ դուրս եկավ զբոսնելու, քիչ հետո վերադարձան:  Նախքան դուրս գալն էլ, ներս գալուց հետո էլ մի քանի երգ թնդացրեց: Բայց մի ուրիշ բան էլ կար Մակիչի մեջ: Նա հրաշալի ասացող էր: Բացի այն, որ դասախոսների ու իր սիրելի մարտական ընկերների տնազն էր անում` զավեշտալի պատումներ ներկայացնելով` նա, առհասարակ, հրաշալի էր տիրապետում գրական հայերենին և հաճախ մեջբերյալ խոսքով համեմելով այն` ոճավորման վարպետություն էր ցուցաբերում: Եվ դա անում էր` խորքից գնահատելով հայոց լեզվի ուժը: Պատահական չէ, որ նրա սիրած և լավագույնս կատարած երգերից մեկը Մանդակունյանի «Հայոց լեզուն» էր: Ավելին, իր խոսքում հաճախ էր շեշտում մեր լեզվի դերը: Կենացների ժամանակ ընկերներին գնահատելիս կարողանում էր պեղել նրանց հոգու բաղադրությունը, խոսում էր այնպես, ասես բնութագրվողի դիմանկարն էր կտավին հանձնում: Սա հենց նրա` արվեստագետի՛ խառնվածքն էր, ընդհանրացնելու, անտեսանելին արևերես հանելու` քչերին տրված տիրատուր շնորհը:

***

Մակիչին ճանաչող ինչքան մարդ կա, այնքան էլ Մակիչ կա: Նրան յուրաքանչյուր ճանաչող իր բաժին Մակիչն ունի: Բայց յուրաքանչյուրի ներսում մակիչյան նույնական թրթիռներ կան ամբարված, և բոլորի համար ընհանուր է այն Մակիչը, որ իր հողեղեն գոյությա՛մբ իսկ երկնային պարգև էր այստեղ: Նրա ձայնի առատ գունապնակը արտացոլումն էր իր հոգու խաղացկուն բազմագունության: Առանց դույզն իսկ ջանքի` իր խոսքով, իր կռվով, իր կատակների անսպառ պաշարով, իր աստվածային ձայնով հասավ ազգային արժեքի բարձրակետին: Իսկ այդ արժեքը հայրենիք կոչված թանկության գնահատման, նրա խորքային կերպընկալման զորությամբ էր չափվում Մակիչի ներաշխարհում: Չգիտեմ` ով ինչ կասի, գիտականորեն ու բժշկական վիճակագրությամբ ինչեր կապացուցի, բայց իմ խորին համոզմամբ նրա հիվանդությունը գլուխ բարձրացրեց 2020 թվականի մեր դավադիր պարտությունից, իսկ մահվան ազդը եղավ սեպտեմբերի 19-ին, երբ (Արուսիկի վկայությամբ) տեսնելով հայաթափվող Արցախի թափորը` ասել է. «Սա իմ անպատվությունն էր»: Փաստորեն դրանից հետո, կարելի է ասել, խելքի չեկավ տղան...

Մեր լա՛վ տղա, մեր ազնի՛վ Մակիչ, սա շատերիս անպատվությունն է, շատերս ենք մեղավոր  մեր ձեռքով մեր գլխին բերած սոսկումի համար, միայն թե ո՛չ դու: Է՞լ ինչ պիտի անեիր, որ չարեցիր: Հոգևոր ձիրքերդ մի կողմ դրած` երեք պատերազմի մասնակից եղար, որոնցից առաջինում ու վերջինում վիրավորվեցիր: Բայց քո այս խոսքը պիտի տարածվի, շառաչուն ապտակի պես պիտի տարածվի, մինչև հասնի իշխանական թափթփուկներին, զորի նրանց անամոթ երեսը պատռելու, որ պետության պաշտպանության գործին լծվելու փոխարեն` ողջ ազգին ինքնոչնչացման ուղի են ցույց տալիս ու փորձում այն պարտադրել:  Նրանց ի՜նչ պետքն է, թե կարող է մի Մակիչ չդիմանալ այս խայտառակությանը, որ իրենց ստեղծածն է: Նրանց ի՜նչ պետքն են Գարահիսար կամ Խուստուփ լեռներին զարկվող սեգ արծիվ ֆիդայիների զոհողությունները:

Եվ հիմա, երբ ազգի զգալի մասը որձակոտոր է եղել, երբ հայրենիքի մի նկատելի հատված պարպված է հայությունից, ազգովին չխենթանալու հենարանը դարձյալ դուք եք մնում, սիրելի՛ եղբայր` դու և, ավա՜ղ, քեզ նման սակավները, անգամ ձեր «գործազուրկ» վիճակում, և յուրաքանչյուրիդ արցունքաբեր հեռացո՛ւմն անգամ ոչ թե լալկանության, այլ խրոխտության լիցքեր է տալիս բազմություններին ու նաև քո՛ արյամբ վաստակած մեր երբեմնի հաղթանակը դյուրությամբ ջուրը նետված տեսնելուց հետո էլ անբացատրելի զորությամբ է համակում մեր հոգիները:

Արդ` ննջիր խաղաղությա՛մբ` Սեգ Արծվիդ ականջը պաշտելի հայրենիքիդ ավետաբեր հաղթական շշունջին: Գալո՛ւ է այդ օրը` հակառակ բոլոր խոչընդոտների, հակառակ պարզագույն տրամաբանության, ի հեճուկս մեզ հրամցվող զիջումների «առավելության»: Եվ դեռ զարմացնելու է քո պաշտպանյալ հայությունը աշխարհին էլ, տո ինքն իրեն էլ կորուստները վերագտնելու իր կամքով և անսպասելի արդյունացմամբ: Իսկ մինչ այդ բաղձալի օրը քո` բազում ջոկատներ առաջնորդած ձայնով շարունակի՛ր դիմակայության մղել մեզ` քո հրաժեշտի տված արցունքը մերել-ներդաշնակելով մեր մեջ ամրակայված վսեմ կերպարիդ բերկրանքով...   

Դավիթ Գյուլզադյան

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *