ԱՐՑԱԽ

Ադրբեջանը գերիների վերադարձի դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Կոմերսանտ»

Գերիների վերադարձն արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային հարց է։ Բաքվի վրա, առանց մեծ հաջողության, փորձում են ազդել և՛ ՄՆ-երը, և՛ Ռուսաստանը,-այս մասին ծավալուն հոդված է հրապարակել «Կոմերսանտ» թերթը: Հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովն է, որը այն գրել է Երևանում կայացած հայ-ռուսական բանակցությունների հետքերով։ Մասնավորապես,  բավական ծավալուն անդրադարձ կա Բաքվում պահվող հայ գերիների մասով։ Թերթի աղբյուրների խոսքով՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ։ Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ «Կոմերսանտի» իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների և հայ զինվորականների կողմից: Ռուսական պարբերականը գրում է նաև, որ մինչ օրս հայտնի չէ, թե քանի գերի կա Ադրբեջանում։ Հայկական կողմի տվյալներով՝ մոտ 200 հոգի, պաշտոնական Բաքուն ասում է, որ Ադրբեջանում մնացել է 59 հայ գերի, ում Բաքուն ռազմագերի չի համարում և պատրաստվում է դատել։ Թերթը գրում է նաև, որ պաշտոնական Երևանը գերիների վերադարձի հարցում հոռետես է և չի հավատում, որ նրանք կվերադառնան մինչև նախատեսվող ընտրություններ` հունիսի 20-ը։ Թերևս, հետաքրքիր է, որ ռուսական պարբերականի հեղինակը գերիների հարցը կապում է ընտրությունների հետ, հավանաբար նման բան իրեն ասել են հայ պաշտոնյաները։ «Կոմերսանտը» նաև նշում է, որ գերիների վերադարձի հարցում Մոսկվան ունի իր շահերը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *