Պոստֆակտում

Սահմանադրական դատարանում Քոչարյանի հարցով նիստը չի կայացել (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի այսօրվա նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաև Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը:

Նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով,-այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՍԴ աշխատակիցը։

Հիշեցնենք՝ հուլիսի 3֊ին Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը և խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև տալ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Հավելենք նաև, որ այսօր հայտնի է դարձել, որ Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան: Ֆեյսբուքի իր էջում այս մասին հայտնել էր «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա, մասնավորապես, նշել էր, որ դիմումը ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի և ամբաստանյալ Ռ․Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ էր։ Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների և այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաև Յ․Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով, Իրենց գործին մասնակցող և/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող 3-րդ անձի կարգավիճակ շնորհելու և գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *