Քաղաքականություն

Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար պատիժը կխստացվի

Աժ-ը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԲՀԿ-ականներն առաջարկում են զինծառայողին ինքնասպանության դրդելու համար որպես պատիժ սահմանել 5-7 տարի ազատազրկում։ Գործող օրենքով մինչև 3 տարի ազատազրկում է սահմանվում։ Նախագիծն ընդունվել է 120 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբարեկցությամբ։
Խորհրդարանն 1-ին ընթերցմամբ ընդունել է նաև «Իմ քայլը» խմբակցության անդամներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է կիսով չափ կրճատել Աժ-ին օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 50.000-ից դարձնելով 25.000։
Նախագիծն ընդունվել է 119 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Աժ-ը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Պատգամավորն առաջարկում է գերատեսչությունների ղեկավարների խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային ցենզն իջեցնել՝ 30-ի փոխարեն սահմանելով 25 տարեկան:
Պաշտոնի անձնագրով պահանջվող 5 տարի աշխատանքային փորձի ցենզը ևս իջեցվում է՝ սահմանվելով 3 տարի: Նախագիծն ընդունվել է 112 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *