Քաղաքականություն

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Ռոման Ուդոտի ձերբակալման վերաբերյալ

Ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 20-ին ձերբակալվել է Ռուսաստանում գործող «Գոլոս» շարժման խորհրդի անդամ Ռոման Ուդոտը:  Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անցյալ տարվա մարտին «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ նա, արձագանքելով «ՆՏՎ» լրագրողուհու անհարիր պահվածքին և հարցերին, վերցրել է նրա հեռախոսը: Ռ. Ուդոտը դիմել է ոստիկանություն և հայտարարություն տվել հետապնդման և մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման վերաբերյալ: Թղթակիցն իր հերթին ներկայացրել է հաղորդում հեռախոսի գողության մասին: Արդյունքում, «ՆՏՎ» հեռուստաընկերության թղթակիցների դիմումի համաձայն ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք): Ռոման Ուդոտը  չի ընդունում իր մեղքը:

Հարկ է նշել, որ այս միջադեպին նախորդել են պարբերական հետապնդումները Ռոմանի նկատմամբ, գիշերային զանգերը և սպառնալիքներն՝ ուղղված նրա ծնողներին, որոնք տեղ են գտել «ՆՏՎ»-ի ֆիլմերում ստահոդ լուրերի տարածման արդյունքում: Իրենց լրագրող ներկայացնող մարդիկ, որոնք ամենայն հավանականությամբ կապված են հատուկ ծառայությունների հետ, դարաններ լարելով՝ հոգեբանական ճնշման են ենթարկել նաև Ռոմանի անչափահաս երեխային:

Ռոման Ուդոտը Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող շարժման ամենահայտնի ակտիվիստներից է: Տարիներ շարունակ նա բացահայտել և վավերագրել է բազմաթիվ ընտրախախտումներ ինչպե՛ս Ռուսաստանում, այնպե՛ս էլ այլ երկրներում: Հայաստանում Ռ.Ուդոտը բացահայտել է 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կեղծարարությունը (տես հավելված 1): Ներկայումս Ռ.Ուդոտը ընտրական վիճակագրության միջազգայնորեն ճանաչված լավագույն փորձագետներից է, որը հանդիսանում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մի քանի մեթոդական նյութերի համահեղինակ:

Մենք՝ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս ընտրությունների դիտորդություն իրականացնող ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում Ռ.Ուդոտի նկատմամբ հետապնդումները և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքները:

Միանալով «Գոլոս» դիտորդական շարժման հայտարարությանը՝ կոչ ենք անում ՌԴ Կառավարությանը և իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել Ռ.Ուդոտին և վերացնել նրա նկատմամբ անհիմն մեղադրանքները:

Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին աչալուրջ լինել ինչպես ակտիվիստի դեմ հարուցված քրեական գործի ընթացքի, այնպես էլ նրա ընտանիքի նկատմամբ հնչող սպառնալիքների կանխարգելման նկատմամբ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Ականատես» դիտորական նախաձեռնություն

Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք,

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,

«Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,

Իրազեկ քաղաքացիների միավորում, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *