Մունետիկ

Վանդոս Ղարագյոզյանը, Սերգեյ Մելիքյանը, Մանվել Միկոյանը և Հակոբ Գենջյանն արժանացել են «Լոռվա Ասպետ» կոչման

Հայաստանի <<ԻՆՏԵՐԿԱՊ>> ԲՀԿ –ն 1999 թ.-ին Լոռու մարզպետարանի հետ համատեղ նախաձեռնեց <<ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ>> պատվավոր կոչումը, որին արժանացել են տարբեր բնագավառների արժանավորներ: Սուրբ Առաքելոց վանքի հերոսական կռվի 120 և <<Լոռվա Ասպետ> պատվավոր կոչման 22-ամյակի առիթներով՝ նոյեմբերի 21-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և <<Ինտերկապ>> ԲՀԿ նախագահ Նորայր Զուլոյանը 4 երախտավոր լոռեցիների շնորհեցին <<Լոռվա Ասպետ>> պատվավոր կոչումը: Լոռվա Ասպետներ դարձան դոկտոր-պրոֆեսոր, մարզաշխարհի երախտավոր Վանդոս Ղարագյոզյանը՝ հայ և համաշխարհային ծանրամարտի պատմությանը նվիրված ծանրակշիռ աշխատությունների և ծավալած բեղուն մանկավարժական գործունեության համար, <<Լոռու մարզ>> թերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Մանվել Միկոյանը՝ հայ գրականության և լրագրության ասպարեզում ակնառու ավանդի համար, Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնադիր, մշակույթի երախտավոր Սերգեյ Մելիքյանը և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Հակոբ Գենջյանը: Լոռեցի երախտավորներին հանձնվեցին վկայականներ և «Պատվո» կրծքանշան: Լոռվա ասպետները մասնակիցների հետ համատեղ որոշմամբ դիմելու են ՌԴ և ԱՄՆ ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին՝ բոլոր հայ գերիներին ազատելու խնդրանքով: Միջոցառումն ավարտվեց Զորավար Անդրանիկի կիսանդրու մոտ՝ ծաղիկների խոնարհման և ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *