Մունետիկ

Խաչքարեր և հուշաղբյուր Վանաձորում՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսների

Ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների՝ Վանաձորում միմյանց են հաջորդել խաչքարերի տեղադրման և հուշաղբյուրի բացման արարողություններ:  Օգոստոսի 9-ին Խլղաթյան ընտանիքի նախաձեռնությամբ Խնձորուտի գերեզմանատանը տեղի է ունեցել նահատակ հերոսների անմար հիշատակին կառուցված հուշաղբյուրի բացումը: Սրբավայր հիշեցնող հուշաղբյուրը մեկտեղել էր քաղաքի հոգևոր, պաշտոնատար այրերին, զոհված հերոսների ծնողներին, համաքաղաքացիներին: Միաժամանակ կյանքի կոչվեց նաև 44-օրյա պատերազմի մասնակից, վանաձորցի  Արման Սիրադեղյանի` մարտերում անմահացած ծառայակից ընկերների հիշատակն անմահացնող խաչքարի  տեղադրման գաղափարը: Խաչքարը գտնվում է Գուգարաց թեմի Առաջնորդարանի բակում` որպես լուռ ապացույց 2020թ-ի պատերազմի նահատակ հերոսների սխրանքի: Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց խաչքարի օծման կարգ: Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում էլ նշվեց Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ- ի նահատակների հիշատակի օրը, որն ամեն տարի  ավանդաբար անցկացվում է։ Այս տարի ևս ներկա էին սփյուռքի մեր հայրենակիցները, քաղաքի մտավոր այրեր, երկրապահ կամավորականներ: Ներկաները հիշատակեցին ԱՍԱԼԱ-ի սխրանքները, խոսվեց նաև հայոց պետականության կայացման գործում Հայ վրիժառության գաղտնի բանակի անցած դժվարին ճանապարհի մասին: ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշ-խաչքարի մոտ խոնարհվեցին ծաղիկներ, տեղադրվեց նաև ծաղկեպսակ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *