Մունետիկ

Հունվարի 9-ը Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

«Մեր ժողովուրդը ինչո՞ւ է սկսել իր տաղանդավոր զավակներին չճանաչել: Մեր ազգի մեծություններին համոզեք, գուրգուրեք, բերեք Հայաստան: Ո՞ւր եք նայում: Սպասում եք, որ մահանա, որ բերեք ու մի երեք մարդով հայրենի հողին հանձնեք»։

Սերգեյ Փարաջանով 

Սերգեյ Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964-ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմով։ Մինչ այդ նրան չէին ընկալում արժանվույնս։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։ Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924-ին՝ Թբիլիսիում։ 1942 թվականին,ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Փարաջանովն ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ 1 տարի անց Փարաջանովը հասկանում է, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռանում ինստիտուտից և ընդունվում միանգամից 2 ԲՈւՀ՝ Թբիլիսիի Կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։

1945 թվականին տեղափոխվում է Մոսկվայի Կոնսերվատորիա՝ Նինա Դորլիակի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվում է նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Սկզբնական շրջանում սովորում էր Իգոր Սավչենկոյի, վերջինիս մահից հետո՝ Ալեքսանդր Դովժենկոյի արվեստանոցում։ 1949 թվականին սկսում է աշխատել Կիևի Դովժենկոյի անվան ստուդիայում որպես ռեժիսորի օգնական, որտեղ աշխատում մինչև 1960 թվականը: Փարաջանովը ՎԳԻԿ-ն ավարտում է 1951 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։

4 տարի անց,  Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսոր Յակով Բազելյանի հետ  նա 
նկարահանում է նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակը։ Երևանի ժողովրդական արվեստների թանգարանում 1987թ-ին բացվում է Փարաջանովի գործերի ցուցահանդեսը՝ «Այց կինոռեժիսորի արվեստանոց» խորագրով: Սրահում ասեղ գցելու տեղ չկար: Վարպետին շնորհավորում էին, գովեստի խոսք ասում, ծաղիկներ նվիրում, նա շա՜տ ուրախ էր: Վերջինս իր հերթին բոլորին անխտիր՝ մտերիմ, ծանոթ թե անծանոթ, հյուրասիրում էր անուշեղենով, մրգերով, նոր միայն ճանապարհ դնում: «Ես շատ բախտավոր մարդ եմ: Որդի ու բարեկամներ ունեմ, շատ սիրելի արվեստ: Առավոտյան արթնանում եմ և առաջին միտքս այս է՝ երջանիկ եմ, որ ապրում եմ բարեկամներիս ու լեռներիս հարևանությամբ: Երբեմն ինձ նախանձում եմ այս անսահման երջանկության համար: Կամ այս ցուցահանդեսը. մարդիկ երկրի տարբեր ծայրերից հասել են Երևան՝ աշխատանքներս տեսնելու: Սրանից էլ մեծ բախտավորություն, երբ հասկանում ես, որ պետք ես մարդկանց» - ժամանակին հարցազրույցներից մեկում ասել էր նա։  
Ո՞վ իմանար, որ այսօր, հոգալով սեփական կարիքներն ու պայքարելով «արևի տակ» սեփական տեղի համար, մարդիկ ժամանակ և ուժ չէին ունենա հիշելու, անգամ ծանոթանալու, ճանաչելու, գնահատելու Փարաջանովին, և իր 95 ամյակին  նա  կարող էր դատապարտվել մոռացության։ Փարաջանովի հարազատ քաղաքում՝ Թբիլիսիում, ցավոք, չի մնացել ոչինչ, որ կարող էր հիշեցնել նրա մասին։ Նրա տունը վաճառվել է ռուս մեծահարուստի, իսկ իրերի, նկարների, գրաֆիկական աշխատանքների ու հանրահայտ գլխարկների պատկառելի հավաքածուն պահպանվում է Փարաջանովի տուն-թանգարանում, Երևանում։      
Փարաջանովն իր մասին. «Ի՞նչ է իմ կյանքը: Դարդ. ահա նրա հավերժական ձևը: Իմ ողջ կյանքը շարժման մեջ է դրել նախանձը: Ես նախանձեցի գեղեցիկին ու դարձա համակրելի, ես նախանձեցի խելոքներին ու դարձա անսպասելի: Նախանձեցի տաղանդավորներին ու դարձա հանճար: Ես չունեմ պաշտոնական կոչումներ ու պարգևներ: Ես ոչ մեկն եմ: Ապրում եմ Թիֆլիսում, իմ ծեր ծնողների տանը, և երբ անձրև է գալիս, քնում եմ անձրևանոցով ու երջանիկ եմ, քանի որ դա նման է Տարկովսկու ֆիլմերին»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *