Մունետիկ

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու վերադառնալ Երևան

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ  OTF 3701 չվերթը  կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00-ին։

«Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։

Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։

Դեսպանության թեժ գիծ.

+201207050580»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես գրված էր.

«Քիչ առաջ խոսեցինք Եգիպտոսում մեր դեսպանատան հետ։ Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան, նրանցից 119 հոգի այսօր կվերադառնան Հայաստան կառավարության կողմից ապահովված թռիչքով։ Մշտական կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, որպեսզի ըստ անհրաժեշտության զբաղվենք մեր քաղաքացիների առողջական խնդիրներով»,- գրել է նա։

Ավելի վաղ  Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը  տեղեկացրել էր, որ դեսպանությունն առավոտից կապի մեջ է Հուրգադայում մնացած ուղևորների հետ, բացի այդ բանակցությունների մեջ է նաև փոխադրող ընկերության հետ: «Ինչպես մեզ տեղեկացրին փոխադրող ավիաընկերությունից, վերջինս չի իրականացրել թռիչքը հայաստանյան տուրիստական ընկերության չկատարած ֆինանսական պարտավորությունների պատճառով», - ասել է Մովսեսյանը: Դեսպանության  տեղեկություններով` այս պահին Հուրգադայում մնացած քաղաքացիները շուրջ 100-ն են: Մինչդեռ հայաստանյան տարբեր տուրիստական ընկերություններ  նշել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների` Հուրգադայում A&R տուրիստական ընկերության ավելի վաղ Երևան-Հուրգադա իրականացրած չարտերային թռիչքների արդյունքում ներկայում մոտ 400 քաղաքացի մնացել են Հուրգադայում, միգուցե առայժմ ահազանգ են հնչեցրել մոտ 100-ը, որովհետև մյուսների հանգստյան ուղեգրերի ժամկետը դեռ չի ավարտվել, հետևաբար նրանք դեռ հանգիստն են վայելում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *