Մունետիկ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Հուլիսի 27-ին Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը:

Լոռու մարզպետի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացել ընթացիկ աշխատանքներին։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ամբողջությամբ կահավորված վիրասրահներով, տրամադրվել են ինտենսիվ թերապիայի և լաբորատորիայի համար նախատեսված սարքերով, գործում է հեմոդիալիզի ծառայությունը, ինչպես նաև հատկացվել է անգեոգրաֆ, համակարգչային շերտագրման սարք, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, տրեդմիլ սարքը և հոլտեր համակարգ, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում: Այժմ նորագույն սարքերի շնորհիվ մարզի բնակիչները հնարավորություն ունեն տեղում ստանալու՝ ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ: 

Շրջայցի ժամանակ Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ժամանակակից անգեոգրաֆիկ սարքի գործարկմանը՝ սրտի ստենտավորման պրոցեսին:

Նախարարը շփվել է նաև հիվանդների հետ, որոնք ողջունել են առողջապահական ոլորտում կատարվող բարեփոխումները և շնորհակալություն հայտնել Թորոսյանին՝ մարդակենտրոն քաղաքականության համար:

Այցի ավարտին նախարարը հանդիպել է նաև մարզային բժշկական հաստատությունների տնօրեններին, լսել նրանց  մտահոգություն-ները և առաջարկները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *