Մունետիկ

Արմեն Գևորգյանը բուժզննման համար պետք է բացակայի Հայաստանից․ պաշտպանը միջնորդեց նրա խափանման միջոցը վերացնել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր դատական նիստին միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացվի։

«Մերժման դեպքում, հարգելի դատարան, խնդրում ենք քննարկել Արմեն Գևորգյանի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը ներառյալ ժամանակավորապես Հայաստանից բացակայելու թույլտվության հնարավորությունը»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանը նշեց, որ միջնորդությանը կից ներկայացվել են նաև այն փաստաթղթերը, ըստ որի, Արմեն Գևորգյանի՝ երկրից բացակայելը ինքնանպատակ չէ։

«Այն պայմանավորված է բառացառապես այն հանգամանքով, որ Արմեն Գևորգյանը պետք է հերթական բուժզննությունն անցնի Ավստրիայում»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը։ Ի՞նչ առողջական խնդիր ունի Արմեն Գևորգյանը, որ ցանկանում է դուրս գնալ երկրից, հետաքրքրվեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ի պատասխան, փաստաբանն ասաց, որ Արմեն Գևորգյանն ունի սրտի հետ խնդիրներ։ Միջնորդությանը կից ներկայացված փաթեթում, ըստ դատավորի, նշված չէր, թե որ բուժհիմնարկում պետք է զննություն անցի Արմեն Գևորգյանը։ Արմեն Գևորգյանը դատավորին հայտնեց, թե խոսքը որ բուժհիմնարկի մասին է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *