Մունետիկ

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծումը հնարավոր էր բացառել. «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը.
   Եռաբլուր պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծումը մեր ազգային անվտանգությանն ուղղված հոգեբանական պատերազմի հատուկ գործողություն է: 

Պղծարարների ձեռքով սուրբ շիրմաքարերի վրա հայտնված բծերն իրականում խարան են մեր ազգային արժանապատվության վրա:

Հատկապես ծանր է հերոսների ծնողների և հարազատների հոգեվիճակը: Նրանց վերքը նորից բացվեց և նրանք երկրորդ անգամ ծանր ապրումներ ունեցան:  

Ցավ ի սիրտ՝ մեր զորակցութունն ենք հայտնում հերոսածին ծնողներին ու նրանց բոլոր հարազատներին և խոնարհվում ենք նրանց առաջ:

Այս խայտառակությունը, սակայն, հնարավոր էր բացառել, եթե Եռաբլուր պանթեոնում պատշաճ ծառայություն իրականացվեր:

Պետք չէ մոռանալ, որ Պանթեոնը զորամասի տարածք է և, հաշվի առնելով դրա ազգային-արժեքային հույժ կարևորությունը, այդտեղ պետք է լիներ բավարար հսկողություն, այդ թվում՝ տարածքի ամբողջական տեսահսկմամբ և զինված պահակությամբ:

Պետական կառավարումը, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում, մնում է որպես ազգային-արժեքային առումով խեղված և ոչ արդյունավետ մի երևույթ, որի ճգնաժամը վաղուց սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը:

Պետության, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության, ղեկավարությունը պարտավոր է հաշվետու լինել կատարվածի համար, պատժել մեղավորներին և միջոցներ ձեռնարկել ոճրագործներին բացահայտելու և այսուհետև նման ոտնձգությունները բացառելու ուղղությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *