Միջազգային

Վրաստանի միջնորդությամբ 15 հայ գերի կվերադառնա Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի ակտիվ մասնակցությամբ` ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների, և Վրաստանի տարածքով վերջիններս կվերադառնան իրենց ընտանիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի կառավարությունը:

Ըստ հայտարարության` Վրաստանի վարչապետի ակտիվ ներգրավմամբ հնարավոր է դարձել նաև հայկական կողմից ականապատ տարածքների վերաբերյալ կարևոր նյութերի հանձնում ադրբեջանական կողմին: Վրաստանի վարչապետն անձամբ մշտական ​​կապի մեջ է եղել Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հատկանշական է, որ Վրաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի ակտիվությամբ և գործընթացներում Վրաստանի զգալի մասնակցությամբ, հատուկ քայլեր է ձեռնարկվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ: Այս փաստը էական խթան կհաղորդի Վրաստանի անմիջական հարևանների միջև լարվածության էլ ավելի նվազեցմանը», — ասվում է հայտարարությունում:

Վրաստանի վարչապետը ողջունում է հարևան երկրների այս որոշումը, որոնք պետք է հիմքեր ստեղծեն տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար:

«Ի սկզբանե Վրաստանն ակտիվորեն համագործակցում էր ամերիկացի գործընկերների, ինչպես նաև հայ և ադրբեջանցի գործընկերների հետ` հարցին դրական լուծում տալու համար: Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի ստեղծմանը: Վրաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը` նպաստելու տարածաշրջանային համագործակցությունը խթանելու միջազգային հանրության ջանքերին»,- ասվում է հայտարարությունում:

Հայտարարությունում ասվում է, որ այս օրը կարևոր օրինակ և քայլ կդառնա հարևանների միջև բարդ խնդիրների լուծման գործում: Վրաստանը պատրաստ է ապագայում, անհրաժեշտության դեպքում, աջակցել իր գործընկերներին և ակտիվորեն ներգրավվել գործընթացներում, առաջին հերթին՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *