Միջազգային

Թուրք զինվորականներն՝ Աղդամում, «Գորշ գայլերը»՝ Շուշիում.«Առավոտ

Հունվարի 30-ին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ պատվիրակությունների հանդիպումը։ Հիշեցնենք, որ տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների արդյունքում։

Աշխատանքային խմբում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի հայտնած տեղեկությունների՝ 55-ամյա Մուստաֆաևը նոյեմբերյանցի է, ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ հայկական դպրոցը։

ԼՂ-ի հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշել են ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային և ճանապարհատրանսպորտային խնդիրների քննարկման նպատակով, փոխադրումների անվտանգության ապահովման քննարկման նպատակով, բեռների սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական հսկողության վերաբերյալ:

Ծրագրվել է, որ ենթախմբերը կստեղծվեն մինչև փետրվարի 2-ը, իսկ մինչ փետրվարի 5-ը կկայանան ստեղծված ենթախմբերի առաջին հանդիպումները: Ադրբեջանում, հայ ռազմագերիների, պահվող անձանց պայմաններում, փաստորեն, անարգել ծավալվում են հայ-ադրբեջանական բանակցություններ՝ հստակ օրակարգային հարցերի շուրջ:

Ու մինչ ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ, երկար բանակցություններից հետո սկսեց գործել ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը: Այն բացվել է Աղդամում: Այժմ ռուսներն ու թուրքերը միասին հետևելու են ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը:

Նշենք, որ կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը պատերազմի օրերից անհետացել էր ասպարեզից, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, թուրքական կողմից էլ՝ ՊՆ փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ նախնական փուլում կենտրոնում աշխատելու է 60 թուրք, 60 ռուս զինվորական, հրադադարի դիտարկումն էլ իրականացվելու է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործունեության շուրջ կողմերը, ինչպես երևաց գործընթացի ձգձգումից, բավական ծավալուն քննարկումներ են ունեցել, ըստ ամենայնի, բազմաթիվ հարցերում ընդհանուր հայտարարի չէին կարողանում գալ: Այնուամենայնիվ՝ սա ռուս-թուրքական ևս մեկ համագործակցության ցայտուն օրինակ է: Հիմա կողմերը հրապարակային գոհունակություն են հայտնում իրենց ձեռքբերած պայմանավորվածություններից: Ադրբեջանի նախագահը զանգահարել է Ռուսաստանի առաջնորդին, և շնորհավորել ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի բացման կապակցությամբ։

Ըստ Ադրբեջանի նախագահական աշխատակազմի՝ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը նաև կարևորել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը, որի ընթացքում կողմերը պատրաստվում էին նույն օրը քննարկել տարածաշրջանում ճանապարհների ու հաղորդակցության միջոցների ապաշրջափակման հարցը։ «Զրույցի ընթացքում նախագահները նաեւ գոհունակություն են հայտնել ռազմավարական համագործակցության վրա հիմնված ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ, և այդ կապերի հետագա ամրապնդման վստահություն հայտնել», հաղորդեց Ադրբեջանի նախագահական նստավայրը։

Ավելի վաղ Ալիևն այս հարցով հեռախոսազրույց էր ունեցել և շնորհավորել նաեւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանին, վստահություն հայտնելով, որ այդ քայլը կնպաստի «տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»։

«2 երկրների առաջնորդները վստահություն են հայտնել, որ այս կենտրոնի գործունեությունը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»,- շեշտել է Ադրբեջանի նախագահական աշխատակազմը։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ալիևն ու Էրդողանը նաեւ քննարկել են թուրքական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը, ինչպես նաև գոհունակություն են հայտնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման առնչությամբ։

Ի դեպ, Ադրբեջանը սկսել է տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ) և պետական այլ օրգաններ հիմնել ԼՂ-ի` իր վերահսկողության տակ անցած տարածքներում: Օրերս ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի կառավարությանը, հայտնեց, թե կառավարության ղեկավար Ալի Ասադովը մի շարք որոշումներ է ստորագրել` հանձնարարելով մինչեւ մարտի 1-ը էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին առաջարկներ ներկայացնել այդ տարածքների վերականգնման, ինչպես նաև պետական մարմինների ստեղծման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:

Նկատենք, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի վաղ հայտնել էր, թե նախատեսում է ազատագրված տարածքների վերակառուցման ու զարգացման եռամյա ծրագիր իրագործել` 2022-25 թվականների ընթացքում: Ադրբեջանի կառավարությունը պլանավորել է 2021թ.-ին 1 մլրդ. 300 մլն. դոլար հատկացնել իրենց վերահսկողության տակ անցած տարածքների ենթակառուցվածքների վերականգնմանը։

Այդ նպատակով նաև պետական հիմնադրամ է բացվել, որի մասին Ալիևը հայտարարել էր հունվարի սկզբին։ Իսկ Ադրբեջանի աջակից Թուրքիան այդ երկրի վրա ազդեցությունը մեծացնելու հարցում, արդեն իսկ նկատելի է, որ հետևողական հիմքեր է գցում: Պարզվում է, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը մտադիր է Շուշիում դպրոց կառուցել: Օրերս հայտնի դարձավ Ադրբեջան՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատվիրակության մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ նախատեսված էր Ազգայնական կուսակցության փոխնախագահ Մևլութ Կարակայանի, «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավար Ահմեդ Յըլդըրըմի և ճարտարապետ Յուսուֆ Գյունայդինի հանդիպումները նախ Բաքվում, ապա՝ Շուշիում։

«Առավոտ» օրաթերթ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *