Միջազգային

McDonald's-ը, Coca-Cola-ն և PepsiCo-ն դադարեցնում են Ռուսաստանում իրենց գործունեությունը

McDonald's-ը հայտարարել է Ռուսաստանում արագ սննդի բոլոր 850 կետերի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։ Պատճառը՝ Ռուսաստանի զինված ներխուժումն է Ուկրաինայի տարածք։ Ցանցի 62 հազար աշխատակից կշարունակի ստանալ աշխատավարձ։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը՝ հենվելով McDonald's-ի մամուլի ծառայության տարածած տեղեկության վրա։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ընկերությունը դեռ չգիտի, թե երբ կկարողանան վերականգնել բիզնեսը Ռուսաստանում և խոստացել է ուշադիր հետևել երկրում հումանիտար իրավիճակին։

Ռուսաստանի զինված ներխուժումն Ուկրաինա սկսվեց փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինի հրամանով։ Կրեմլի գործողությունները նա հիմնավորել է, ի թիվս այլ բաների, նրանով, որ իբր ՆԱՏՕ-ն ցանկանում էր Ուկրաինան դարձնել իր հակառուսական ֆորպոստ։ Ուկրաինան և ՆԱՏՕ-ն հերքում են դա։

ԱՄՆ-ը և արևմտյան երկրները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ, որոնցից տուժում են ոչ միայն քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, այլև շարքային քաղաքացիները։ Հարյուրավոր կորպորացիաներ և բրենդներ հայտարարել են Ռուսաստանում բիզնես գործունեւոթյան դադարեցման մասին։ Առցանց հարթակներն ու սոցիալական ցանցերը, այդ թվում՝ Google-ը, Facebook-ը, Instagram-ը, YouTube-ը մասամբ սահմանափակել են մուտքը ռուս օգտատերերի համար։

Միևնույն ժամանակ Coca-Cola-ն և PepsiCo-ն ևս հայտարարել են, որ դադարեցնում են իրենց խմիչքների վաճառքը Ռուսաստանում՝ միանալով բազմաթիվ այլ հայտնի արևմտյան ընկերություններին:

Coca-Cola ընկերությունը հայտնել է, որ 2021 թվականին Ռուսաստանում և Ուկրաինայում գործունեությունը ապահովել է իր եկամուտների մոտավորապես 1-2%-ը։

Կորպորացիայի ռուսական ներկայացուցչության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ «1979-ից մինչև 2018 թվականը Ռուսաստանում Coca Cola-ն ընդհանուր առմամբ 6,2 միլիարդ դոլար է ներդրել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար» և «իր ուղիղ գնումների 96%-ը՝ չհաշված խտանյութը, իրականացնում է ռուսաստանցի մատակարարների միջոցով»։

PepsiCo-ն էլ հայտարարել է, որ կշարունակի Ռուսաստանում վաճառել կաթնամթերք, մանկական սնունդ և այլ տեսակի ապրանքներ: Նրա կայքում նշվում է, որ ընկերությունը «Ռուսաստանի սննդամթերքի և խմիչքների խոշորագույն արտադրողն է։ Մոտ 19000 աշխատակիցներ աշխատում են ընկերության կենտրոնական և տարածքային գրասենյակներում և նրա բազմաթիվ արտադրական գործարաններում: Ռուսաստանում ընկերությանն են պատկանում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Ya, Fruit Garden, J7®, Lyubimy, House in the Village, Cheerful Milkman, Chudo, Agusha և այլն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *