Միջազգային

Հրանտ Դինքի սպանությունից անցել է 13 տարի

13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում։ 

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում' Սարգիս և Գյուլվարդ Դինքերի ընտանիքում: 7 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որից հետո ծնողները բաժանվում են, իսկ Հրանտը և 2 եղբայրները' տեղափոխվում Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատուն:  Սովորել է նախ Պեզճյան վարժարանում, ապա' Սուրբ Խաչ դպրեվանքում:  1978թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները: Կարճ ժամանակ անց ամուսնացել է Ռաքելի հետ, ով ևս մանկատան սան էր: Զինծառայությունից հետո, աշխատել է որպես լրագրող: 1996թ. ապրիլի 5-ին Ստամբուլում լույս տեսավ Հրանտ Դինքի հիմնադրած «Ակօս» երկլեզու թերթի առաջին համարը: Այն հայերեն  և թուրքերեն լեզուներով միակ թերթն է:  Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնեց Հրանտ Դինքը: Հայոց ցեղասպանության հարցում Դինքը հակադրվում էր Թուրքիայի պաշտոնական տեսակետին, հակադրվում էր բացահայտ' մամուլի էջերում: 2005թ. Դինքը դատապարտվեց 6-ամսյա պայմանական բանտարկության' տխրահռչակ 301 հոդվածով: Սա մեկն էր նրա դեմ եղած դատական գործերից: Դինքը բողոքարկեց վճիռը' հասնելով մինչև Եվրոդատարան: Վերջինս միայն նրա մահից հետո' 2010թ. արդարացրեց Դինքին: Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող նշանավոր հայ մտավորականներից, ով, չնայած իր ողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է, մնում էր հանգիստ։ Նա նպատակ ուներ 2` հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամություն հաստատել, սակայն նախապես Թուրքիային իր նյութերով ճանաչել տալ սեփական պատմությունը:

Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ' ետևից գլխին արձակված 3 հրազենային կրակոցից։ Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում:  «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Դինքի սպանության դատավարությունը բավական երկար ու խայտառակ մի գործընթաց էր: Թեև եղան ցուցմունքներ, որոնք վկայում էին, որ Դինքի սպանությունը նախապես ծրագրված գործողություն էր, որին տեղյակ էին պաշտոնական մակարդակով, դատական ողջ գործընթացը վերածվեց խայտառակության: Նշենք միայն, որ դատավճիռը ևս Թուրքիայում բողոքի ալիք առաջացրեց, իսկ այս տարվա գարնանը այն բեկանվեց Թուրքիայի վճռաբեկ դատարանում:  2007թ. ստեղծվել է Դինքի անվան միջազգային հիմնադրամ: Մալաթիայում գտնվող այն փողոցը, ուր ծնվել է  Հրանտ Դինքը, այս տարվա փետրվարից կրում է Հրանտ Դինքի անունը: Հրանտ Դինքի անունով միջազգային մրցանակ է ստեղծվել. մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվելու է 5-րդ անգամ` այսօր` Դինքի ծննդյան օրը: 2 մրցանակ կտրվի այն մարդկանց, խմբերին կամ կառույցներին (մեկը՝ Թուրքիայից, մյուսը՝ արտասահմանից), որոնք զերծ են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից, աշխատում են ավելի ազատ և արդար աշխարհի համար, իրենց ռիսկի են ենթարկում' հանուն այդ գաղափարների, խոսում են խաղաղության լեզվով՝ այդպիսով մարդկանց հույս և ներշնչանք հաղորդելով պայքարը շարունակելու ճանապարհին: Հրանտ Դինքն ինքը արժանացել է բազում մրցանակների' կենդանության օրոք և հետմահու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *