Միջազգային

Եթե ես կարող եմ օգնել գիտությանը, որ մարդիկ չմահանան, ուրեմն պիտի օգնեմ.Ամերիկայի Ձայն (տեսանյութ)

ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատության եւ ‘’Մոդերնա’’ ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները հուլիսի 27-ից սկսեցին երկրորդ փուլը: Սա նշանակում է, որ փոքր թվով մարդկանց վրա անցկացված փորձերի հաջողությունից հետո փորձերին մասնակցելու են ավելի մեծաթիվ կամավորներ` 30 հազար մարդ:

Փորձերի առաջին փուլին մասնակցած անձանցից Ջենիֆեր Հալերն ասում է, թե պատվաստանյութը ստանալուց հետո զգացել է կողմնային թույլ ազդեցություն` ձեռքի թեթեւ ցավ:

Հալերն ասում է, թե չնայած պատվաստանյութն ընդունելու փաստին, ինքը շարունակում է հարգել պաշտպանվելու կանոնները. կրում է դիմակ, պահպանում սոցիալական հեռավորություն:

Իսկ փորձարկումների առաջին փուլը ցույց է տվել, որ այն ստացած անձանց օրգանիզմում փոփոխվում է իմունային համակարգն այնպես, որը, ըստ գիտնականների, կարող է պաշտպանել մարդուն ընդդեմ այս վիրուսի:

Նիք Բրաունինգը, որը նույնպես ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին, ասում է, որ մեկ տարվա ընթացքում երեք ամիսը մեկ անգամ պետք է անցնի թեստավորում: Եվ բժիշկներն ամենայն մանրամասնությամբ են ստուգում այս կամավորների արյան բաղադրությունն ու նրանց օրգանիզմում բոլոր փոփոխությունները:

Փորձարկումներին մասնակցած կամավորները չեն իմանում` իրենք ստացել են իսկական պատվաստանյութ, թե` կեղծ չափաբաժին: Գիտնականները ստուգում են, թե երկու չափաբաժինները ստացած որ խմբի մոտ են ի հայտ գալիս վարակի տեսակներ: Եթե վարակ չի հայտնաբերվում իրական պատվաստանյութը ստացած անձանց շրջանում, ապա կարելի է որոշ չափով համոզված կերպով ասել, որ այն ունի դրական ազդեցություն:

Փորձարկումների վերջնական փուլն օգոստոս ամսին կսկսի Ինչ Անգլիայի Օքսֆորդի համալսարանը:

Ամերիկայում Johnson & Johnson ընկերությունը ծրագրում է իր պատվաստանյութի փորձնական վերջին շրջանը սկսել սեպտեմբերին, Novavax-ը` հոկտեմբերին: Հաջող ընթացքի դեպքում ամռան ընթացքում 30 հազար անձանց մասնակցությամբ փորձարկումներ է սկսելու Pfizer-ը:

Ինչ վերաբերում է կամավորներին, շատերն են ասում, որ նրանք այնպիսի հերոսներ են, ինչպես կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները:

‘’Ես հասկացա, որ պիտի իմ ներածի չափով օգտակար լինեմ մարդկանց’’, ասում է Բրաունինգն ու ավելացնում, ‘’եթե ես կարող եմ իմ մարմնի միջոցով օգնել գիտությանը, որպեսզի այս մղձավանջն ավարտվի, որպեսզի տառապանքներն ավարտվեն, որպեսզի մարդիկ չմահանան, ուրեմն պիտի օգնեմ’’:

Կամավորներն ասում են, որ դա իրենք համարում են իրենց պարտքը մարդկությանը:

Ամերիկայի Ձայն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *