Միջազգային

Արգենտինացի քաղաքական գործիչներ, այլ շրջանակների ներկայացուցիչներ կոչ են արել Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը Հայաստան

Արգենտինացի քաղաքական գործիչներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, լրագրողներ, մշակութային գործիչներ և տարբեր հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Հայտարարությունում, որն ստորագրել են 100-ից ավել անհատ և կազմակերպություն, ասվում է.

 

«Ներքոստորագրյալ կազմակերպություններս, կառույցներս և անձինքս արտահայտում ենք մեր համերաշխությունն Արգենտինայի հայ համայնքի պայքարի և պահանջի հանդեպ՝ հօգուտ ցայսօր Ադրբեջանի կառավարության կողմից իր երկրում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը և վերադարձին։

 

Ադրբեջանական իշխանությունների վարքագիծը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը սահմանում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մարմինների փոխանակման» մասին և հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում։

 

Հայաստանի և Արցախի կառավարությունները, Ռուսաստանի պետական իշխանության բարձրագույն մարմինները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հինգ մայրցամաքների տասնյակ երկրների պետական գործիչներ և պատգամավորներ արտահայտել են իրենց կարծիքը Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատման և վերադարձի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ այդ պարտավորությունը ոչ միայն հրադադարի անքակտելի մաս է, այլ նաև անհրաժեշտ միջոց է լարման նվազեցման համար՝ պատերազմի ողբերգական հետևանքները մեղմելու նպատակով»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *