Շտապօգնության մեքենայով Երևանի կենտրոնից՝ Սարյան 44 հասցեից հիվանդանոց է տեղափոխվել ինքնահրկիզման փորձ արած քաղաքացի։ Նա շենքի մուտքում բենզին էր լցրել վրան, ինքնահրկիզվել ու մտել բնակարան։ Քաղաքացին հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով։ Մինչ մեքենայի շարժվելը, քաղաքացին հայտարարել, որ իրեն ապօրինի են վտարում։
Ըստ ականատեսների՝ քաղաքացին արդեն այրվելով մտել է բնակարան, այնտեղ են եղել ոստիկանության և հարկադիր կատարման ծառայողները, որոնք, երբ փորձել են մոտենալ նրան և օգնություն ցույց տալ, այրվածքներ են ստացել։ Նրանից երկուսի այրվածքները խորն էին ու նրանց նույնպես հոսպիտալացրել են։
Ա1+-ի հետ զրույցում Ալբերտ Կանդալյանը հայտնել է, որ Գարգարյանների ընտանիքի բնակարանի հետ կապված դատական գործերը տարիներ առաջ են սկսվել։
Ըստ նրա՝ կեղծելով տան տիրոջ ստորագրությունը, բնակարանը 1 այլ մարդու է վաճառվել և ընտանիքին դուրս գալու պահանջ ներկայացվել։ Նրանք դիմել են Վարչական դատարանը։ Հունիսի 9-ին ստացել են որոշում, որով կասեցվում էին հարկադիր մարմնի բոլոր գործողությունները՝ կապված վտարման հետ։ Որոշումը, ինչպես նշված էր, ուժի մեջ էր մտնում ստանալուց 5 օր անց և ենթակա էր բողոքարկման նույն այդ ժամկետում։
Հարկադիր կատարման ծառայությունից, սակայն, նշում էին, որ իրենք տվյալ որոշումը ստացել են հունիսի 14-ին, բողոքարկել են և իրավունք ունեն արդեն այսօր՝ հունիսի 15-ին կատարել իրենց գործողություններն ու դուրս հանել ընտանիքին բնակարանից։ Չնայած ընտանիքի և նրանց փաստաբանի դիմադրությանը՝ վտարումն իրականացվել է։
ԴԱՀԿԾ լրատվական բաժնից տեղեկացրին, որ «ծառայությունը կատարողական գործողությունները կասեցնելու մասին դատարանի որոշումը ստացել է վտարվող պարտապանից 14.06.2021 թվականին, որի մեջ հստակ նշված է, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում եւ կարող է բողոքարկվել վերաքննության կարգով։ Այլ կերպ ասած՝ Ծառայության գործողությունները եղել են օրենքի սահմանում, քանի որ վտարումը կասեցնելու մասին դատարանի որոշումը օրինական ուժի մեջ չի մտել»։
Ի դեպ, այրվածքներ ստացողներից մեկը հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Մ. Շ-ն է, որը «իր անմիջական մասնագիտական պարտականությունները կատարելիս տեսնելով ինքնահրկիզման փորձ անող քաղաքացուն, շտապել է օգնություն ցուցաբերել, ինչի արդյունքում ինքը ևս ստացել է այրվածքներ»։
Այս պահին բժիշկների գնահատմամբ նրա վիճակը կայուն ծանր է։
0 Մեկնաբանություն