Արդար քվե

Նիկոլ Փաշինյանի հրահանգով ինձ գաղտնալսում են և մոնտաժված զապիսներով փորձում են քրեական գործ հարուցել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումը: Այստեղ են նաև ԲՀԿ-ական պատգամավորները, Գագիկ Ծառուկյանի աջակիցներն ու քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ զրույցում արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է, հայտարարեց՝ եթե Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենար, ամոթից կլռեր.

«Ես չեմ ցանկանում գործնկերներիս վիրավորել, անիմաստ է անգամ իրենց հորդորով դիմել: Իրենք անցել են բոլոր կարմիր գծերը, չկա բարոյականության գիծ, որն անցած չլինեն, այդ թվում նաև՝ ձեր նշած գործիչը տարբեր ժամանակներում հանգրվանել է տարբեր քաղաքական ուժերում»:

ԲՀԿ պատգամավորը պնդեց՝ իր հեռախոսը գաղտնալսվում է 24 ժամ․ «Ամեն ինչ անում են նաև իմ, նաև Գևորգ Պետրոսյանի հանդեպ քրեական գործեր հարուցելու, կանչում են մարդկանց նաև Սյունիքում, որտեղ ես առաջադրվել եմ ռեյտինգային թեկնածու, փորձում են հասկանալ՝ ես որևէ ընտրական մախինացիաների մեջ եղել եմ, թե ոչ»։

Նաիրա Զոհրաբյանը բացառեց, որ որևէ ընտրական կոռուպցիայի հետ կարող է կապված լինել․ «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես և ընտրական կեղծիքը։ Աբսուրդ է, որ ես փող տամ, որ ինձ ընտրեն պատգամավոր»։

ԲՀԿ պատգամավորը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրեն գաղտնալսում են և մոնտաժված ձայնագրություններով փորձում են քրեական գործ հարուցել, նրա խոսքով՝ իրեն այս մասին փոխանցում են հենց համակարգից․

«Առաջիկայում մի ձայանագրություն են հրապարակելու, որտեղ ես իբր վատ եմ արտահայտվել հայ ժողովրդի հասցեին»։

ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ բոլոր այս գործողությունների նպատակը իրենց լռեցնելն է, մինչդեռ իրենք պատրաստ են ամեն ինչի․ «Ես չեմ վախենում անգամ կալանավորվելուց, մենք հակաօրինական որևէ բան չենք անում, հանկարծ իրենց մտքով չանցնի, որ ինչ-որ պրեսինգներով կարող են ինձ լռեցնել»։

Զոհրաբյանը հիշեցնում է ՝ Գագիկ Ծառուկյանի գործը մակագրվել է մի դատավորի, ով 2010 թվականին Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկելու որոշում կայացրեց, պատգամավորը համոզված է՝ դատավորը պատահական չի ընտրվել։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *