Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Զբոսաշրջիկներին վրդովվեցրել է Ձորագետի կիրճում կուտակված աղբը: Զբոսավարները տագնապ են հնչեցնում (տեսանյութ)

Ձորագետի կիրճում ռաֆթինգային նոր երթուղի մշակելու ու Լոռու մարզում էքստրեմալ տուրիզմի զարգացմանը նոր թափ հաղորդելու մտադրությամբ «Ռաֆթինգ Արմենիա» թիմի հիմնադիր, բնապահպան Գևորգ Վարդանյանը թիմակիցների ու արտասահմանյան զբոսաշրջիկների հետ եղել են Ձորագետի կիրճում: Ամեն ինչ հիասքանչ էր… մինչ այն պահը, երբ պարսիկ զբոսաշրջիկը, ով նաև նկարահանումներ էր կատարում կիրճում, հեռվից աղբ է նշմարում : Որքանո՞վ աղբային այս էքստրիմը կանդրադառնա դրսից եկած զբոսաշրջիկի հոգեվիճակի վրա, կերևա հետագայում՝ Ձորագետի կիրճում դարձյալ ռաֆթելու ցանկություն հայտնելու պարագայում, բայց որ տեսարանը վայել չէ տուրիզմը զարգացման առաջնահերթություն հռչակած մարզի համար, 2-րդ կարծիք լինել չի կարող: Բնապահպան Գևորգ Վարդանյանն ասում է, որ Լոռու մարզն ունի շատ ավելի մեծ նախադրյալներ տուրիզմի տարբեր տեսակները զարգացնելու համար, պարզապես պետք է խելամիտ ու ճիշտ օգտագործել ունեցած ռեսուրսները: Բնության հուշարձան Ձորագետի կիրճը ցավոք մինչ օրս չունի նման կարգավիճակ, ինչը թույլ կտար աղբավայրի փոխարեն Ստեփանավան, Լոռի բերդ համայնքներին հնարավորինս շատ զբոսաշրջիկների ներգրավվել, ավելի շատ օգուտներ քաղել կիրճից, մինչդեռ Գևորգ Վարդանյանի կարծիքով այն կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ՝ զբոսաշրջիկների թվի նվազում: Պարզվում է աղբավայրն օրինական է: Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքաշինության և քաղաքային տնտեսության բաժնի պետ Հրահատ Աբրահամյանի վստահեցմամբ՝ 50-ականներից՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ՝ այն գործում է որպես Ստեփանավանի տարածաշրջանի միակ աղբավայր՝ տարեկան 2000 տոննա հզորությամբ: Ինչ խոսք, Ձորագետի կիրճում աղբավայր ունենալը, իրենց նույնպես անհանգստացնում է: Փորձում են պահպանել գոնե սանիտարահիգիենիկ նորմերը: Տեսանյութը մոնտաժման փուլում էր, երբ տեղեկացանք, որ Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան համապատասխան հայտարարություն է տարածել ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *