Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Հեռուստաբանավեճ․ Արամ Գրիգորյան («Բարգավաճ Հայաստան») և Քրիստ Մարուքյան («Լուսավոր Հայաստան»)

«Լոռի» hեռուստաընկերությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճ է կազմակերպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշային թեկնածու Արամ Գրիգորյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարկանիշային թեկնածու Քրիստ Մարուքյանի հետ։

Լրագրող Նարինե Ավետիսյանի հարցին, թե ինչու պիտի ժողովուրդը իր ձայնը տա ԲՀԿ-ին և, մասնավորապես, վարկանիշային թեկնածու Արամ Գրիգորյանին, բանախոսը պատասխանեց, որ ԲՀԿ-ն ժողովրդին է ներկայացրել իր ծրագիրը, որին ծանոթանալուց հետո միայն մարդիկ  կորոշեն՝ կուսակցությունը արժանի է այդ ձայներին, թե՝ ոչ։ Նա նշեց, որ ինքը որպես վարկանիշային թեկնածու է առաջադրվել ոչ պատահական․ դա որոշել է կուսակցության խորհուրդը, և ինքն իր համաձայնությունը տվել է ու պատրաստ է ծառայելու իր կուսակցության գաղափարախոսությանը։

Պարոն Մարուքյանն ավելի հանգամանորեն ներկայացրեց իր ներկայացրած քաղաքական ուժի ձեռքբերումներն այս տարիների ընթացքում, մասնավորապես, նա անդրադարձավ վերջին շրջանում երկրում կատարված փոփոխություններին՝ հեղափոխությանը՝ հարկ համարելով լոռեցիներին հիշեցնել, որ իրենք հեղափոխությունը սկսել են 2012թ-ին, երբ ի դեմս Էդմոն Մարուքյանի ունեցան ԱԺ պատգամավոր և տեղական մակարդակում կատարեցին այդ հեղափոխությունը․ երբ բոլոր տեղերում կանխատեսելի ընտրություններին էին, և ի սկզբանե պարզ էր, թե հանրապետականի որ թեկնածուն որտեղ պիտի հաղթի, Վանաձորում տեղի ունեցավ անկանխատեսելի, նախադեպը չունեցող մի երևույթ, որը լրատվամիջոցները կոչեցին ընտրությունների միակ լուսավոր կետը, և հենց այդ լուսավոր կետից իրենք գնացին դեպի «Լուսավոր Հայաստան»-ը։ ԼՀԿ-ն հետագայում ցույց տվեց, թե որպես կուսակցություն ինչեր կարող է անել, ինչի է ունակ իր փոքր ռեսուրսներով և փոքր թվով մարդկանցով՝ իր դերն ու նշանակությունն ունենալով ԱԺ-ում , վերջին շրջանում նաև կառավարության կազմում։ Իսկ հարցին, թե ինչու մարդիկ պիտի իրենց քվեն տան վարկանիշային թեկնածու Քրիստ Մարուքյանին, պարոն Մարուքյանը պատասխանեց, որ ինքը հանդես է գալիս իր կրթությամբ, իր անցած ճանապարհով և կանգնած է կուսակցության հիմնադիրների շարքում, այսինքն՝ պատահականորեն չի հայտնվել կուսակցության մեջ, և ընտրությունների առիթը չի, որ իրեն տարել է այդ կուսակցություն․ նա կարևորում է ազատական արժեքներ, եվրոպական մոդելի պետություն ստեղծելու գաղափարախոսությունը, որն ընկած է իրենց կուսակցության հիմքում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հաղորդումն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *