Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Ընտանիքին կորցրած 71 ամյա տարեց փախստականը պետությունից փոխհատուցում է պահանջում: Ղուրսալի

Բաքվից Հայաստան բռնագաղթված Վաղարշակ Սարկիսյանի կյանքի պատմությունը ֆիլմի սցենար է հիշեցնում՝ լի դրամատիզմով ու ողբերգական դրվագներով: Ճակատագրի հասցրած յուրաքանչյուր հարված ընդունել է արժանապատվորեն, ու այժմ մնացել միայնակ՝ իր դարդ ու ցավի հետ: 1988-ից մինչ օրս Վաղարշակ Սարկիսյանը պետությունից պահանջատեր է՝ Լոռու մարզի Ղուրսալի գյուղում փլուզված տան փոխարեն բնակմակերեսի փոխհատուցում է պահանջում՝ որպես զոհ ունեցած ընտանիք: Պատմելիս հուզմունքը խեղդում է, վերապրում տխուր ու ցավալի օրերն ու դժվարանալով հայերենով մտքերը շարադրել՝ անցնում է ռուսերենին: Բաքվում ստիպված է եղել գնալ ռուսական դպրոց, քանի որ միակ հայկականը իրենց տնից շատ էր հեռու: Վաղարշակ Սարկիսյանն ասում է, որ Ղուսալի գյուղում իր ու եղբոր ընտանիքներն էին, որ զոհեր ունեցան, իրենց առաջնահերթ պիտի ապահովեին տներով, բայց այդպես էլ ոչինչ չարեցին: Եղբոր ընտանիքի համար կիսատ պռատ քարաշեն տուն են կառուցել, որը քիչ չէ մինչ օրս անավարտ է մնացել. հիմքն էլ նստվածք է տալիս: 90-ականների վերջին կրտսեր որդուն զորակոչում են բանակ, ուր մինչ երդման արարողությունը, անհայտ հանգամանքներում տղան գանգուղեղային տրավմա է ստանում ու այդ վիճակով ծառայում 22 ամիս: Երբ Վաղարշակ Սարկիսյանը մեկնում է Քելբաջար՝ տեսակցության, ականատես է լինում որդու ուշագնացությանը: Այն ժամանակվա ՊՆ Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ տղան ազատվում է զինծառայությունից՝ ճանաչվելով ոչ պիտանի և ստանում հաշմանդամության 3-րդ խումբ: Տեսնելով տղայի՝ օրեցօր վատթարացող վիճակը, Վաղարշակ Սարկիսյանը վաճառում է ամեն ինչ ու 2002-ին տղային տանում Մոսկվա, որտեղ էլ ախտորոշվում է արյան սուր լեյկոզ: 2002-2006 թթ. Վաղարշակը տղային պահում է Մոսկվայում՝ կուտակելով մեծ պարտքեր՝ 72.000 դոլար: 2006-ին տղան մահանում է: Բուժման համար ընկերներից վերցրած պարտքերը վերադարձնում է մինչև 2010 թվականը՝ մնալով ու աշխատելով Մոսկվայում: Որդիներին կորցնելուց հետո կտրուկ վատանում է Սարկիսյանի կնոջ վիճակը: Նախկին ռուսաց լեզվի ուսուցչուհին ձեռք է բերում Այցհեյմերի հիվանդություն: 2010- 2017 թթ.-ին անկողնային վիճակում խնամում է կնոջը: 2017-ին կինն էլ է մահանում: Կյանքի դժվարին իրավիճակներն ու անդառնալի կորուստները հաջորդում են մեկը մյուսին՝ Վաղարշակ Սարկիսյանին դուրս թողնելով բնակարանային հերթացուցակից: Հետո, երբ փորձում է ընդգրկվել, Լոռու մարզպետարանում ասում են, որ բնակարանի հարցը ՊՆ-ի տիրույթում է, առաջարկում աջակցել փաստաթղթերի փաթեթը ՊՆ-ի սոցիալական պաշտպանության բաժին ուղարկելու և հերթացուցակում ընդգրկվելու հարցում: Երկար է սպասում պատասխանի ու որոշում հետաքրքրվել իր նամակների ճակատագրով: Պարզվում է՝ դրանք չեն էլ ուղարկվել: Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն են, և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *