ՄԱՐԶ

Շնորհակալագրեր և ծաղիկներ` կանանց տոների առթիվ

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետը շնորհակալագրերով է պարգևատրել հանրային կյանքի կարևոր ոլորտներ ներկայացնող լոռեցի կանանց՝ անձնվեր, արգասաբեր և երկարամյա աշխատանքի համար:

Մարզպետարանում կազմակերպված ընդունելության ժամանակ մարզպետ Արամ Ղազարյանն անձամբ է շնորհավորել նրանց և հանձնել պարգևները:

-Ձեր բեղմնավոր գործունեությամբ դուք մեծապես նպաստում եք մեր մարզի զարգացմանը: Բոլորիդ ավանդը մեծ է հայրենաշինության գործում, մենք գնահատում ենք ձեր վաստակը: Ցանկանում եմ, որ գարնան նման ծաղկեք ու երջանիկ լինեք: Մաղթում եմ ձեզ ստեղծելու և արարելու անսպառ եռանդ: Եղեք միշտ սիրված և հոգատարությամբ շրջապատված,- կանանց ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է Լոռու մարզպետը:

Մարզի հասարակական կյանքում ակտիվ գործունեության և իրենց ոլորտներում զգալի ներդրում ունենալու համար մարզպետի շնորհակալագրերին են արժանացել կրթության ոլորտի բազմավաստակ ուսուցչուհիներ և դաստիարակներ, մշակույթի ներկայացուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկաններ, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողներ, ՊՆ զինվորականներ, հարկային ծառայության աշխատակիցներ, ՄՍԾ սոցիալական աշխատողներ, սպորտի մարզիչ-մանկավարժներ՝ այդ թվում վաստակած հանգստի անցած մասնագետներ, պատերազմի վետերաններ:

Հանձնելով շնորհակալագրերը` մարզպետը մեկ անգամ ևս կարևորել է կանանց դերն ու ակտիվությունը մարզի զարգացման գործում, ընդգծել, որ արժանավոր և բազմավաստակ լոռեցի կանանց թիվը մեծ է, նրանց մասնագիտական գործունեությունը՝ գնահատելի: Արամ Ղազարյանը հույս է հայտնել, որ միասնական ուժերով հնարավոր կլինի հասնել նոր հաջողությունների և նոր նպատակների:

-Իմ պաշտոնավարման ընթացքում ես ակնկալում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը, մարզը ղեկավարելու եմ բոլորիդ հետ միասին: Ցանկացած խելամիտ առաջարկ կապված մարզի զարգացման հետ, պատրաստ եմ քննարկելու՝ հանուն մեր սիրելի լոռեցիների կյանքի բարելավման,- ասել է մարզպետը:

Ներկաները շնորհակալություն են հայտնել միջոցառման նախաձեռնության, ուշադրության, ջերմ վերաբերմունքի և իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար՝ նշելով, որ կշարունակեն աշխատել՝ ի նպաստ Լոռու մարզի զարգացման։

Հանդիպման ավարտին ներկաները մարզպետի հետ զրուցել են սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում իրենց մտահոգող խնդիրների վերաբերյալ, մարզի ղեկավարը խոստացել է հետևողական լինել բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *