ՄԱՐԶ

Անունս կին է. Մարուսյա Բալայան

Մարուսյա Բալայանը մասնագիտությամբ լրագրող է, հետաքրքրված է այն ամենով, ինչ կատարվում է իր շուրջը. մասնավորապես՝ Ստեփանավան խոշորացված համայնքում, և գտնում է, որ իր համար ամենակարևորը՝ սոցիալական արդարության հետևից գնալն է:

Անունս կին է…

-«Անունս կին է» ոչ ֆորմալ  նախաձեռնող խումբը կարիքից դրդված ցանկացած ժամանակ կարող է գլուխ բարձրացնել, խնդիր բարձրաձայնել, փորձել լուծում տալ այդ խնդիրներին կամ էլ օգնության հասնել ինչ-որ կառույցի: Նախաձեռնող խմբի շուրջը ձնագնդի էֆեկտով հավաքվել են բազմաթիվ կանայք, ովքեր ունեն դժվարություններ և վախենում են այդ դժվարությունների մասին բարձրաձայնել: «Անունս կին է» նախաձենող խումբը դարձել է այն առանցքային օղակը, որը պատրաստ է աջակցելու կանանց և բարձրաձայնելու նրանց հիմնախնդիրները: Հաճախ ես իմ օրինակով ցույց եմ տալիս կանանց, որ պետք չէ վախենալ, եկել է կարծրատիպերը քանդելու ժամանակը և շարժվելու միշտ առաջ:

«Անունս կին է» նախաձեռնությունը սոցիալական ցանցերում

Եթե սոցիալական ցանցերի հեշթեգներով փնտրենք «Անունս կին է» կամ «ՄամաՄարուս» ապա կբերի իմ բոլոր հրապարակումները: Ես իմ օրինակով փորձել եմ ցույց տալ այն գաղափարը, որ պետք չէ վախենալ և կնոջ առաքելությունը միայն խոհանոցում ճաշ եփելը չէ: Ոմանք շատ լավ արձագանքեցին, ոմանք էլ ամոթանք տվեցին, ասելով՝ ամոթ չէ՞, իր խնդիրների մասին բարձրաձայնում է: Իրականում դրանք միայն իմ խնդիրները չէին: Հայ կնոջ ուսերին շատ բեռ կա դրված, ժամանակն է համատեղել ամեն բան և չտրվել միայն կենցաղին, կենցաղում շատ գործ կա, իհարկե, բայց ես ինձ առավելապես տեսնում եմ հանրային գործունեության մեջ: Տան գործերը կսպասեն:

Համագործակցությունը համայնքային իշխանությունների հետ

Մեր նախաձեռնությունը համագործակցում է առավելապես քաղաքացիական հասարակության կառույցների հետ, սակայն խմդիրներ չունենք համագործակցելու նաև ՏԻՄ-երի հետ: Երբ ծնվեց «Անունս կին է»-ն, ես աշխատում էի համայնքապետարանում, և հենց այն ժամանակ հասկացա, որ պետք է համագործակցեմ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

Փոքր համայնքերի կանանց մասնակցությունը քաղաքացիական նախաձեռնություններին

Փոքր համայնքներում մշտապես առկա է կանանց առաջնորդության, կանանց դերի բարձրացման խնդիրը և ինչքան հեռու է խնդիրը համայնքային կենտրոնից, մարզկենտրոնից, այնքան սուր է դրված այն, իսկ կնոջ դերը սահմանափակվում է միայն որդեծնության և կենցաղի մասին հոգ տանելու գործառույթով: Այստեղ ես դիտարկում եմ սեռերի հավասարության և ավելին անելու ձգտումը. Կին-մայր, կին-առաջնորդ, անունս կին է ամեն դեպքում:

Նախաձեռնության վաղվա օրը

Որոշել եմ, որ համանուն հասարակական կազմակերպություն պիտի ստեղծեմ, սակայն դեռևս շարունակում եմ ակտիվությունս և գործունեությունս այլ հասարակական կազմակերպություններում: Եթե տեսնում եմ մի տեղ անելու գործ կա, անկախ այն բանից, ինձ խնդրել են, թե ոչ՝ ես վազու եմ անելու:

Կազմակերպության շարքերը համալրվում են

Եթե ես հիմա ասեմ, որ կան ցուցակագրված հարյուրավոր կանայք՝ սուտ կլինի: Ուշագրավ է, որ վերհանված խնդրից, կարիքից-կարիք՝ նրանց թիվը փոփոխվում է: Իմ համախոհները, որ մշտապես են կանգնած մեր նախաձեռնության կողքին՝ 10-ից ավելի են, բայց եթե խնդիրը խորանում է՝ մենք կարող ենք շատանալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *