Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է:
Մեր թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դեպքի վայր ժամանած ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝շենքի տանիքի փլուզման պահին աշխատակիցներն անցնում էին շենքի տակով:
«Աշխատակիցներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է՝ նախնական տվյալներով գանգուղեղային տրավմայով: Մյուսն էլ թեթև քերծվածքներ էր ստացել: Այս պահին եղած տեղեկություներով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,-նշեց նա:
Նախարարը նշեց, որ դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար:
«Շինաշխատանքներ են կատարվել շենքի պայմանները բարելավելու ուղղությամբ: Ուսումնասիրություններ կարվեն, եթե կան մեղավորներ, նրանք կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության»,-հավելեց նախարարը:
Տուժածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Արտակ Զեյնալյանը դեպքի վայրից ուղևորվում է նրանց տեսակցության:
0 Մեկնաբանություն