Առողջ հասարակություն

ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱ՞Ն, ԲԱՐԻ ԿԱ՞ՄՔ, ԹԵ՞…

«Լոռի» հեռուստաընկերության խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ իրենց շենքերի մուտքերը չեն ախտահանվում. «Որ վթար է լինում, ասում են՝ սեփականություն է, ինքներդ արեք, լավ, բա ինչի՞ համար ենք վճարում, որ այս դժվար օրերին անգամ գործ չեն անում»,– ասում է Գոհար Բարսեղյանը:

Մեկ այլ քաղաքացի էլ օրինակ է բերում քաղաքի կենտրոնի շենքերը` նշելով, որ դեռ 10 օր առաջ են ախտահանել, հիմա էլ կրկնակի են ախտահանում: 

«Կրակն ե՞նք ընկել, որ ծայրամասում ենք ապրում, ջուրը` գրաֆիկով, փողոցը` անբարեկարգ, ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, մի դեզինֆեկցիան ի՞նչ ա, որ չեն անում»,– ասում է Դիմացի բնակիչ Սուսաննան:

Լրագրող Լուսինե Սարգսյանը գրում է. «Ամեն օր Վանաձորի քաղաքապետն ու Լոռու մարզպետարանն իրենց էջերում նկարներ են տեղադրում այս կամ այն թաղամասի բազմաբնակարանների շքամուտքերում, տարածքներում, տրանսպորտային միջոցներում ախտահանման ու մշակման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ. ուզում եմ հասկանալ` մենք արդեն Վանաձորում չե՞նք ապրում, թե՞ պարետատունը խստորեն հետևում է այդ կառույցների ֆեյսբուքյան էջերին, կոնկրետ ապացույցներ ու հավաստումներ են պետք՝ նկարների տեսքով, եթե կա պատկան մարմին, որը պետք է իրականացներ, բայց թերացել է, միգուցե այդ մարմնի՞ն հրահանգեին կատարել իր պարտավորությունները, թե չէ քանի օր է` հետևում եմ ու այդպես էլ այդ ախտահանման աշխատանքները Տարոն թաղամասեր չեն հասնում»:

«Գայաննա» ՀԿ տնօրեն Գայանե Թադևոսյան. «Կոնկրետ մեր շենքում` Մոսկովյան10-ում, բացարձակապես ոչինչ արված չի այն էլ այն դեպքում, որ աղբատարը շենքում է։ Բա ուրեմն էլ ո՞ւմն է արած»:

Պարետի ներկայացուցիչ մարզպետ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին ուզում  եմ հետևյալ հարցերն ուղղել.

– Պարոն մարզպետ, նախ  Դուք պարզաբանում չտվեցիք «Անհասկանալի ստեր մարզպետարանից» նյութին, դուք չեք արձագանքում քաղաքացիների կողմից ֆեյսբուքում բարձրացված խնդիրներին, ձեզ ուղղված հարցադրումներին, եթե դրանք շնորհակալական խոսքեր չեն, թեև անդադար ֆեյսբուքում եք: Որ ՀԴՄ-ներով եք զբաղվում, քաղաքացիներին տուգանել եք տալիս, համարենք, որ օգնո՞ւմ եք ՊԵԿ-ին ու դատախազությանը: Այս ամենից զատ` էլ ինչո՞վ եք զբաղվում:   «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի» իրազեկումը ձեր էջում տեղադրելու կարիք չկա, բաց աղբյուր է, բոլորն են տեսնում և՛ թվերը, և՛ ասուլիսները, փոխարենը մի ասուլիս էլ դուք կազմակերպեք, որ հարցեր ուղղենք, խնդիրներից խոսենք, վերջապես հասկանանք՝ ինչո՞ւ, ինչի՞ց են դժգոհում մարզի բնակիչները:

Նարինե Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *